Էրդողանի նոր հոխորտանքը բարկացրել է Իսրայելին

Թուքիայի նախագահի վերջին հայտարարությունները դուր չեն եկել նրա անդավաճան դաշնակից Իսրայելին: Իհարկե, այս երկու երկրների շահերն այնքան շատ բաներում են համընկնում, որ ոչ մի աղմկահարույց միջադեպ չի խաթարում նրանց բարեկամությունը, թեև վիճաբանությունից խոսափել էլ չի ստացվում: Ահա և Թուրքիայի դեսպանին ԱԳՆ են կանչել, որպեսզի դժգոհություն հայտնեն Իսրայելին հասցեագրված՝ Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: 
 
Խոսքը Էդրողանը կոչի մասին է, որով նա դիմել է մուսուլմաններին և հորդորել՝ որքան հնարավոր է հաճախ այցելել  Երուսաղեմում գտնվող Ալ-Ակսա մզկիթ: Երևի իրեն արդեն համամուսուլմանական սուլթան երևակայելով՝ նա նշել է, թե Իսրայելի կողմից Երուսաղեմի բռնազավթումը մուսուլմանների համար վիրավորական է: Նաև քննադատել է Իսրայելի այն օրինագիծը, որն արգելում է վաղ առավոտյան և ուշ գիշերին մուսուլմաններին աղոթքի կանչել: Էրդողանի տրամաբանությամբ՝ ամբողջ աշխարհը պարտավոր է քնից զրկվել, որպեսզի իր հավատակիցները կարողանան աղոթել: 
 
 - Իսրայելը պաշտպանում է հրեաների, մուսուլմանների, քրիստոնյաների դավանանքի ազատությունը և անկախ չհիմնավորված մեղադրանքներից՝ կշարունակի պաշտպանել,-Իսրայելի արտգործնախարարության հաղորդագրությունն է փոխանցել «Երուսաղեմ փոստ»-ը: 
 
ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուլ Նաչսոնն ավելի կտրուկ է արտահայտվել. 
 
- Նրանք, ովքեր պարբերաբար խախտում են մարդու իրավունքները սեփական երկրում, չեն կարող դասեր տալ տարածաշրջանի միակ ժողովրդավարական երկրին:
 
Էրդողանի սուլթանական նկրտումներին հակահարված է տվել նաև Գերմանիան: Այս երկրում սկսել են փախստականի կարգավիճակ տրամադրել այն զինվորականներին, ովքեր անցած ամառվա ռազմական հեղաշրջման ձախողումից հետո այնտեղ են ապաստան գտել: Մինչ Էրդողանն սկսել է Եվրոպային այնքան դուր չեկող մի ձեռնարկ՝ վերականգնել մահապատիժը, եվրոպական երկրները փաստորեն փորձում են իրենց պաշտպանության տակ առնել դրա ամենահավանական զոհերին: Բնականաբար՝ որ պահին Թուրքան նորից մահապատիժ կիրառելու իրավաբանական հիմնավորում ստացավ, այնտեղ անմիջապես մեծ թվով մարդիկ են այդ պատժին ենթարկվելու, ու առաջին հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները: Ահա Գերմանիան ոչ միայն իր երկրում գտնվող այդ զինվորականներին կագավիճակ է շնորհում, այլև ուղղակի արգելել է, որ այնտեղ մահապատժի վերականգնման համար քվեարկություն անցկացվի կամ քարոզարշավ լինի:    
 
Դե ինչ՝ աշխարհի ժողովրդավարական երկրները փորձում են երկար տարիներ այդ սկզբունքի կապանքների մեջ ապրած և այժմ իրեն խորթ գաղափարներից ձերբազատվել ձգտող Թուրքիային քաղաքավարի խոսք հասկացնել: Բայց նրանք ուղղակի չեն լսել հայկական ասացվածքը՝ «խևին խրատն ի՞նչ անի, սևին սապոնն ի՞նչ անի»: