Իրանում Նախագահ են ընտրելու

Ինչպես հայտնի է՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածուներ` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռեիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա: Հայ համայնքը որևէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի. Յուրաքանչյուր ընտրող առաջնորդվելու է սեփական համոզմունքներով: Սակայն, ինչպես օրեր առաջ նշել էր հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը՝
- Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները:
Բնականաբար՝ Հայաստանում ևս անտարբեր չեն այդ ընտրությունների և նախընտրական մրցապայքարի հանդեպ: Այդ առումով հետաքրքրական է իրանահայ մեր հայրենակցի՝ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆԻ հոդվածը:
 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԸ...

Երեկվանից սկսյալ նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը թեժ կերպարանք է ընդունում, ու բացառված չէ, որ քարոզարշավի գալիք ու վերջին մեկշաբաթյակում ավելիով թեժանա:
 
Մրցակցության առանցքում եռյակ թեկնածուներն են՝ Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռեյիսին, ովքեր հակառակ հեռուստաբանավեճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարեզում վերապահ չեն փակագծերը բացելուց՝ չխորշելով նույնիսկ վերագրում-ամբաստանություններից:
 
Սրանով, ինչ խոսք, թե՛ հասարակական եռուզեռ է առաջանում (հատկապես երիտասարդական խավերում), և թե՛ այսպես ասած՝ լուռ զանգվածներին գայթակղում՝ բուն ընտրությանը մասնակցելու:
 
Ինչևէ, երկու օր անց, 3-րդ և վերջին ուրբաթօրյա հեռուստաբանավեճում, որն ի
դեպ՝ տնտեսական զգայուն թեմաներն է շոշափելու, գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ամբողջ, այդ շարքում և պոպուլիստական զինանոցը, որն, անշուշտ, դիմագրավելու հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
 
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար և նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետևանքներով:
 
Հուսանք, որ նախընտրական բազմապիսի (և անշուշտ՝ նորացվող) կրքերը, անկախ ընտրությունների արդյունքից, չեն փոխադրվի հետընտրական փուլ ու ամեն ինչ իրենց բնականոն և առավել ևս՝ խաղաղ գործընթացներով կհունավորվեն...: