Երևի Հորդանանի արքայադստեր այցն է ցավեցրել Ալիևի հիվանդ հոգին

ԲԱՔՎԻ ԲԱՆՈՒԳՈՐԾԸ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՄՈԳՈՆԵԼՆ Է

Մայիսի 12-22-ը Բաքվում անկացվելու են Իսլամական համերաշխության խաղերը, որոնց մասնակցում է ավելի քան 50 երկիր։  Եվ ահա մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրապարակել է  մի հոդված, որտեղ իսլամական աշխարհին հորդորել է  չհամագործակցել Հայաստանի հետ: 
Որպես փաստարկ էլ նշում է, որ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։ 
 
Իհարկե, Ադրբեջանի նախագահը  հարձակման ոչ մի օրինակ չի բերում  և  չէր էլ կարող բերել: Միջազգային հանրությունը մինչ այսօր չի մոռացել  Նախիջևանում հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացումը, չի մոռացել, թե ԽՍՀՄ 70 տարիների ընթացքում հայաթափման ինչ քաղաքականություն էր վարում  Բաքուն: 
Որպես մխիթարանք ու պարծենալու առիթ՝ Ալիևը հիշեցնում է, որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Երկրներ, որոնք Հայաստանի հետ հարաբերություններ չեն հաստատել ոչ թե Բաքվի սիրուն աչքերի, խավիարի խաթեր, այլ ունեն իրենց հստակ շահերը: 
Բնականաբար, ամբողջ իսլամական աշխարհի համար Ալիևը մարտահրավեր է համարում նաև արցախյան հակամարտությունը: Բայց  սուլթանի  հիշողությունը կարծես թե կարճ է: 
1990-ականներին, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, Բաքուն որբի նման այստեղից-այնտեղից վարձկաններ են մուրում՝ իր  հողի համար կռվելու: Ընդ որում՝ վարձկանների մի մասը իսլամի մոլի հետևորդներ էին, որոնց ուղեղը Բաքուն «լվացել» էր՝ Արցախյան  պատերազմին կրոնական երանգ հաղորդելով՝ թե իբր Ադրբեջանը ջիհադի համար է  պատերազմում: Խաբեությունը, իհարկե, կարճ ժամանակ անց բացահայտեց հենց   վարձկաններից մեկը՝ չեչեն գրոհային Շամիլ Բասաևը: Նա հայտարարեց, որ Ադրբեջանի զինվորները մարտնչել չգիտեն, ապա հերքեց ջիհադի մասին Ադրբեջանի զառանցանքները: Ու անհասկանալի է, թե այսքանից հետո արցախյան հակամարտությունն ինչու պետք է մարտահրավեր լինի իսլամական պետությունների համար: Առավելևս, որ ապրիլյան պատերազմում կարծես թե իսլամական ոչ մի պետություն մատը մատին  չտվեց Բաքվին օգնելու:
 
Ալիևի այս հոդվածը պատահական չէ: Բանն այն է, որ վերջերս Հայաստան էր այցելել իսլամական մի պետության ներկայացուցիչ՝ Հորդանանի արքայադուստրը: Թեև այցի նպատակը քաղցկեղի դեմ պայքարն էր, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ   խոսվել է նաև երկու երկրների հարաբերությունների ամրապնդման մասին: Նախորդ  տարի  էլ Հայաստան էր այցելել իսլամական մեկ այլ պետության՝ մեր հարևան Իրանի նախագահը, որից հետո սկսվեցին Իրանի հետ համագործակցության խորացումը: 2016 -ին էլ ՀՀ արդադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս այցելել էր Քուվեյթ՝ երկու երկրների արդարադատության նախարարության համագործակցության հուշագիր ստորագրելու:
 
Իսկ ահա Սաուդյան Արաբիայի արքայազնը 2016 թ. հոկտեմբերին Հայաստանում մասնակցում էր  Եվրասիական գործընկերության միջզգային առաջին համաժողովին: Այսինքն՝ Հայաստանը կարծես թե սկսել է  ակտիվացնել շփումներն արաբական աշխարհի հետ՝ տարբեր մակարդակներով:  Իսկ սա  չի կարող Բաքվին չանհանգստացնել: 
 
Մի խոսքով, խաշնարածի հոգեբանությունը չթոթափած մեր հարևանի հոդվածով կարելի է մի լավ զվարճանալ, և ի հեճուկս  նաև նրա,  արաբական աշխարհի, մահմեդական առողջ երկրների  հետ ընդլայնել կապերը: