Արջը յոթ երգ գիտի…

Կեղծ տեղեկատվությունն ու սուտ լուրերն այնպիսի սպառնալիք են դարձել, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ամեն տարի Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների համար համաժողով է կազմակերպում: Բնականաբար, ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը՝ համաժողովի կազմակերպիչը, հիանալի տեղյակ է, որ այդ տարածաշրջանում գտնվող երկրներից մեկը դրա մեծագույն վարպետն է, ու երևի սին հույսեր է փայփայում, թե կարող է նրան քաղաքավարի դասեր տալ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ավարտված 14-րդ համաժողովը կրում էր ««Կեղծ լուրեր». ԶԼՄ-ների  ապատեղեկատվությունն ու ազատությունը» խորագիրը: Համաժողովի երկրորդ օրը ելույթ ունենալու համար ամբիոնին է մոտեցել Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը: Լուրը փոխանցող  novostink.ru կայքը նշում է, թե նա փորձել է իր ելույթը վերածել ադրբեջանական քարոզի հարթակի՝ ներկաներին պատմելով  Ադրբեջանի պատմության «այլընտրանքային փաստերի մասին» և աշխարհի հայերին մեղադրելով, թե միջազգային հարթակներում իր երկրի պատկերն աղավաղում են: 

Միջոցառման կազմակերպիչը, նիստի կարգադրիչը, հայկական ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և Հայաստանի ներկայացուցիչները նրան բազմիցս զգուշացրել են ձեռնպահ մնալ քարոզից և համաժողովը չշփոթել ադրբեջանական մամլո ասուլիսի սրահների հետ: Վերջապես համաժողովի կազմակերպիչների միջամտության շնորհիվ պնդերես ադրբեջանցուն կարողացել են ամբիոնից հեռացնել:
 
Ո՞վ կարող է Ադրբեջանի չափ լկտի լինել և կեղծ տեղեկատվության դեմ պայքարի կոչող համաժողովին բացահատ կեղծիք սաղացնել: Բայց երևում է՝ Ադրբեջանի «երգացանկն» արդեն բոլորին է ձանձրացրել, և նույն սուտը նույն բառերով լսել չեն ցանկանում: Իսկ նորովի ստել չեն կարողանում՝ ստեղծագործական միտք է անհրաժեշտ, որը օտարներից գնելու համար գուցե նավթադոլարներն արդեն չեն հերիքում: