«Շիռակո շագայետ Այզերբայջան»

ԱՅՆ ԷԼ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՃԱՄՓԵՔՈՎ

Եվրոպայում քաղաքական գործիչ մնա՞ց, որ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր չունենա: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին առնչվող աղմուկը դեռ չլռած՝ հիմա էլ Մալթայի վարչապետն է Ադրբեջանից փողեր ստանալու համար խայտառակվել: Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատին վարկաբեկող նյութերը հրապարակել է բրիտանական «Գարդիանը»: Հրապարակման մեջ նշվել է, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, թե Մուսկատը Ադրբեջանի նախագահի դստերից գումարներ է ստացել: 
 
- Մալթայի «Պիլատուս» բանկում օֆշորային կեղծ ընկերությունների համար հաշիվներ էին պահվում, որոնք պատկանում էին Մուսկատի կնոջը, Լեյբորիստական կուսակցությունից նրա երկու դաշնակիցներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աղջկան` Լեյլա Ալիևային,- մանրամասնել է պարբերականը: 
 
Օրեր առաջ հետաքննող լրագրող Դաֆըն Կարուանա Գալիցիան իր բլոգում այս թեմայով նոր հրապարակում էր արել` նշելով, թե Մալթայում գրանցված օֆշորային ընկերություններից մեկը` «Էգրանտը», վարչապետի կնոջը` Միշել Մուսկատին  է պատկանում: Դրանից հետո  աղմկահարույց պատմությունը նոր թափ է առել: Լրագրողը բացահայտել է, որ այդ ընկերությանը վարկերի տեքստով մեծ գումարներ են ուղղվել, որոնցից ամենամեծ փոխանցումը` 1 մլն 17 հազար դոլար, այս տարվա մարտին եղել է «Al Sahra FZCO» ընկերությունից, իսկ այդ ընկերությունը, լրագրողի պնդմամբ, Իլհամ Ալիևի դստերն է պատկանում: 
 
Պարբերականին այս կապը զարմանալի է թվացել՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էներգետիկ ոլորտում նշանակալի չափով համագործակցում են: Բնականաբար՝ Մալթայի վարչապետն ու նրա կինը ժխտում են, թե սրա հետ որևէ կապ ունեն և մտադրություն են հայտնել լրագրողին դատական պատասխանատվության կանչել: Նրանց համար գործն ավելի է բարդանում այն  հանգամանքով, որ հունիսի 3-ին Մալթայում ընտրություններ են լինելու, և այսօրինակ բացահայտումը հեղինակազրկում է վարչապետին ու նրա ղեկավարած Լեյբորիստական կուսկացությանը: 
 
Այս ամենով հանդերձ՝ պարբերականը հիշեցնում է, որ նույն Պանամայի թղթերում հայտնաբերված տեղեկատվության պատճառով մեկ տարի առաջ հրաժարական է տվել Իսլանդիայի վարչապետը: 
 
Դեպքերի ընթացքին հետևելիս՝ անհնար է չհիշել Բրեժնևի հայտնի գովեստը Ադրբեջանին՝ «широко шагает азербайджан»: Միայն թե այն ժամանակ Բրեժնևը չէր էլ պատկերացնում, որ ադրբեջանական փողերն ու թանկարժեք մատանիները տեսնելով՝ աշխարհի շատ ղեկավարներ ևս իր նման ծախելու են հոգիները: 
Այս ամենին ավելացնելու միայն մեկ բան է մնում: Փոքրիկ, բայց ձայնի լիիրավ իրավունք ունեցող Մալթան ամեն տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին իր ամենաբարձր՝ 12 միավորը Ադրբեջանին է նվիրաբերում: Տարածությամբ ու մշակույթով այդքան հեռու գտնվող երկրների միջև նման անդավաճան սեր այդ մրցույթը երևի դեռևս չի տեսել: Անաչառության պատմուճան հագած «Եվրատեսիլի» տնօրինությունը տեսնես դա նկատե՞լ է…