Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի

Այս էլ քանի˜ տարի`Եվրոպան փորձում է Թուրքիային իր գիրկն առնել

Եվրամիությունը գումարներ է վճարում, որպեսզի Թուրքիան կարողանա եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր դառնալ և ընդգրկվել Եվրամիության մեջ: Այդ գումարները սակայն, ըստ էության, նպատակին չեն հասնում և թերևս միանգամայն այլ գործերի են ծառայում:

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը dpa գործակալությանը հայտնել է, թե իրենք իրավաբանորեն պարտավոր են ֆինանսական աջակցությունը համադրել այն առաջընթացի հետ, որին տվյալ երկիրը հասնում է: Եվ քանի որ Թուրքիայի պարագայում նման առաջընթաց չի նկատվել, Եվրամիությունն էլ որոշել է մի շարք նախագծերի ֆինանսավորումն արգելափակել: 

2014-2020թթ. Եվրամիությունը պետք է Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն ցուցաբերեր: Բրյուսելն արդեն Թուրքիային է փոխանցել 167 մլն եվրոն: Ծրագրերից ամենխոշորը, որոնց համար այդ գումարները նախատեսված են,  կոչվում է «ԵՄ-ին անդամակցությունը նախապատրաստելու բարեփոխումներ», որի համար ԵՄ-ն պետք է 1,58 մլրդ եվրո վճարեր: Հովհաննես Յանը նշել է, որ Թուրքիան Եվրոպային հակառակ ուղղությամբ է ընթանում, իսկ դա չի կարող հետևանքներ չունենալ:

Այդ հետևանքներն առայժմ որոշակի գումարներ արգելափակելով են արտահայտվում, թեև դեռևս հստակ չէ, թե Բրյուսելը ինչ վճարումներ է մտադիր սառեցնել և որքան ժամանակով: Սրանով Եվրամիությունը Անկարայի հետ «երկխոսությունը չի դադարեցնում և ցանկանում է Թուրքիային օգնել  իրավական պետություն կառուցելու գործում», սակայն  Յոհաննես Յանը այնուամենայնիվ նշել է.
-Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները փաստորեն կասեցվել են:
Թուրքիան, որը կարողանում էր Եվրոպայից պատժամիջոցների փոխարեն գումարներ պոկել` օգտվելով Միջին Արևելքի պատերազմական իրավիճակից, որտեղ ինքը քիչ հրահրիչ դեր չունի, վաղը հաստատ աշխարհով մեկ ձայնը կգցի, թե իր հետ անարդար են վարվում:

Այս էլ որերորդ տարին է` Եվրոպան փորձում է Թուրքիային իր գիրկն առնել, բայց դե ոչինչ չի ստացվում: Ախր սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի: