Նոր վիրուսային հարձակումները կասեցնել չի՞ լինի

Մեր ժամանակակիցների հիշողության մեջ երևի զենքի ամենակործանարար կիրառումը Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային գրոհն է: Սակայն որքան էլ կործանարար, դրանք տարածությամբ սահմանափակ են եղել: Հիվանդությունների համաճարակները նույնպես, միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում, ի վերջո հնարավոր է լինում դադարեցնել:  Այլ են թվային աշխարհի հարձակողական ու վիրուսային սպառնալիքների սահմանները: Ավելի ճիշտ՝ սահմաններն իսպառ վերացել են:

Վտանգն արդեն այնքան են ահագնացել, Եվրապոլն (Եվրամիության ոստիկանական ծառայություն) է զգուշացնող հայտարարություն տարածել: Հայտնի է, որ մայիսի 12-ին և հաջորդող օրերին հզոր կիբերհարձակում է եղել, որն այդ ծառայության ղեկավար Ռոբ Ուենռայթի հայտնած տեղեկություններով՝ ազդեցություն է թողել աշխարհի 150 երկրի  200 հազ. բնակչի վրա: Բրիտանական ITV-ին տված հարցազրույցում նա նշել է, թե աշխարհը կանգնած է մի սպառնալիքի դիմաց, որը գնալով ահագնանում է:  

Միջազգային վիրուսային հարձակումների թիրախ ավելի շատ դարձել են Ուկրաինան, Ռուսաստանը, Թայվանը: Որոշ հայ մասնագետներ էլ նշում են, թե Հայաստանում նույնպես որոշ դեպքեր են գրանցվել: Ընդ որում, «WanaCrypt0r 2.0» վիրուսային հարձակման թիրախում հատկապես Ռուսաստանն է եղել: Հարձակումներից զերծ չի մնացել նաև Մեծ Բրիտանիան:

Վիրուսը վարակում է էլեկտրոնային փաստաթղթերը և գումարներ է պահանջում: Տեղեկատվության անվտանգության մասնագետները զգուշացրել են՝ նոր հարձակումները ոչ միայն անխուսափելի են, այլև չի բացատվում, որ դրանք կասեցնելն արդեն անհնար լինի:

Դե ինչ՝ ավազակության օրենքներն էլ են փոխվել: Հիմա կարելի է մարդկանց կողոպտել՝ աթոռից վեր չկենալով: Ճիշտ է՝ ցանցահենությունը նույնպես քրեորեն հետապնդելի է, սակայն հանցագործին պատժելու համար դեռ հարկավոր է բռնել: Ելնելով նրանից, թե թվային տեխնոլոգիաներն ինչպես են ներթափանցել կյանքի բոլոր բնագավառները, ենթադրել միայն կարելի է, թե նման հարձակումներից  որքան վնասներ կհասնեն: Իսկ թե ում է ձեռնտու ամբողջ աշխարհը քաոսի վերածելը` ենթադրություններ կարելի է անել, բայց ճշմարտությունը բացահայտելն այնքան էլ հեշտ չէ: Միայն թե հետաքրքիր է՝ նույն Եվրապոլը, որը վտանգի մասին զգուշացնում է, որքանո՞վ է իր պարտքը համարում դա բացահայտելը: Թե չէ միայն զգուշացնելով` չարիքն արմատախիլ չես անի: