Երբ տնտեսական շահը խաղաղություն է պահանջում

«ՄԵԿ ԳՈՏԻ՝ ՄԵԿ ՈՒՂԻ»

Ասել, թե աշխարհի հզորները խաղաղության գինը չգիտեն, երևի այնքան էլ ճիշտ չի լինի: Ճիշտ է՝ իրենց աշխարհաքաղաքական մեծ շահերը հետապնդելիս նրանք կանգ չեն առնում այնպիսի «մանրուքի» առջև, ինչպիսին հնագույն ազգերին ոչնչացնելը կամ բազմաթիվ կյանքեր խորտակելն է: Սակայն եթե դրանից խուսափելով նույնպես հնարավոր է շահ ստանալ՝ երևի դեմ չեն: Համենայնդեպս Մետաքսի ճանապարհի վերաբերյալ Չինաստանում երեկ ավարտված քննարկումերի շեշտադրումը հենց խաղաղությունն էր: 
 
Դեռևս 2013թ. Չինաստանը հայտարարել է, որ նախաձեռնում է «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ծրագիրը: Տնտեսական զարգացման այս ռազմավարությունը ենթադրում է ենթակառուցվածքներ ստեղծել և փոխադարձ կապեր հաստատել Եվրասիայի երկրների միջև: Այն զարգացման երկու հիմնական ուղղություն է նախանշում՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի և ծովային ուղի: Սրանց նպատակն է Արևելքից Արևմուտք առևտրական միջանցք ստեղծել, որպեսզի հնարավոր լինի արտոնյալ պայմաններով մատակարարում իրականացնել:  
 
«Մետաքսի ճանապարհ» միջազգային խոշոր համաժողովի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը հայտարարել է, թե այդպիսի նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի: Նա նշել է, թե դրա մասնակիցները պետք է ծագած վեճերը լուծեն երկխոսության միջոցով և ուժեղացնեն համագործակցությունը, համատեղ ուժերով ապահովեն տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: 
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն էլ շեշտել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունն ուղղված է խաղաղություն պահպանելուն, իսկ դա սերտորեն առնչվում է ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին: Ասել կուզի՝ աջակցում է նման խաղաղասիրական նախաձեռնություններին: Բայց եթե հետադարձ հայացք ձգենք, թե Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումից ի վեր աշխարհի վրա պատերազմներն ինչքան են շատացել ու ինչ թափ են ստացել՝ այնքան էլ համոզիչ չի թվում, որ ՄԱԿ-ի աջակցությունը նպաստ կբերի խաղաղության գործին: Ու ինչքան ավելի շատ են ամենատարբեր շրջանակներում խաղաղությունից խոսում, այն մեր մոլորակի վրա այնքան պակասում է:
 
Բոլոր դեպքերում՝ մտահոգությունը հնչեցվում է և գուցե որոշ զոմբիացած ուղեղների համար սթափեցնող ուժ ունենա: