Երբ դանակը ոսկրին է հասնում

Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին է հասել

13 մարտի, 2017թ., Դամասկոս, Ամման: Սիրիական պատերազմի` երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում:
Վկայակոչված սպանությունները, հաշմանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:
•    Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ` դրանով իսկ 2016թ.-ը դարձնելով վատթարագույն տարին սիրիացի երեխաների համար այն պահից ի վեր, երբ 2014 սկսվեց զոհված երեխաների պաշտոնական գրանցումը:
•    255 երեխա սպանվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում:
•    Ավելի քան 850 երեխա է ներգրավվել հակամարտության մեջ որպես զինվոր, ինչը երկու անգամ ավելի է 2015թ.-ի ցուցանիշի համեմատ: Երեխաները օգտագործվում ու ներառվում են առաջնագծում մարտնչելու համար և է՛լ ավելի շատ են ստանձնում մարտական տարատեսակ դերեր. երբեմն նույնիսկ որպես մահվան դատավճիռ իրականացնողներ, մահապարտներ կամ բանտապահներ:
•    Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:

- Տառապանքների խորությունն աննախադեպ է: Սիրիայում ամեն օր միլիոնավոր երեխաներ գրոհի են ենթարկվում՝ նրանց կյանքը տակնուվրա անելով, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere)` խոսելով Սիրիայի Հոմս քաղաքում:- Յուրաքանչյուր երեխայի վրա հետքեր են մնում` սարսափազդու հետևանքներ ունենալով նրանց կյանքի, բարօրության և ապագայի համար:

Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջությամբ գնահատել երեխաների տառապանքի ողջ մասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Ռումբերից, պարկուճներից և պայթյուններից զատ, երեխաները մահանում են լռության մեջ հաճախ այնպիսի հիվանդություններից, որոնք հակառակ պարագայում հեշտությամբ կարելի է կանխարգելել:

Բուժօգնության տրամադրումը, կյանքը փրկող պարագաների և այլ տարրական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել:

Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա, այդ թվում` 280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ` գրեթե ամբողջովին հումանիտար օգնությունից զրկված լինելով:

Պատերազմի վեց տարիներից հետո գրեթե 6 միլիոն երեխա մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունի, ինչը տասներկու անգամ ավելի է 2012թ.ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:

Սիրիայում և սահմանների երկայնքով հաղթահարման մեխանիզմները ոչնչանում են, և ընտանիքները ծայրահեղ միջոցների են դիմում միմիայն գոյատևելու համար` հաճախ երեխաներին վաղաժամ ամուսնության և աշխատանքի մղելով: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում, որ հարիր չեն նույնիսկ մեծահասակներին:

- Մենք շարունակում ենք Սիրիայի երեխաների տառապանքի լուռ վկան լինել: Նրանցից շատերը անցել են ճակատամերձ գոտիներ դպրոցական քննություններ հանձնելու համար: Նրանք շարունակում են պնդել, որ ցանկանում են շարունակել ուսումը նույնիսկ ստորգետյա դպրոցներում: Դեռ այնքա՜ն ավելին կարող ենք և պիտի՛ անենք, սիրիացի երեխաների ճակատագրի ընթացքը փոխելու համար,- նշել է Քափելիրը:

Սիրիայի երեխաների անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հակամարտության մեջ ներգրավված կողմերին, կողմերի վրա ազդեցություն ունեցողներին, միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երեխաների հանդեպ՝
•    Անհապաղ քաղաքական որոշում կայացնել վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը:
•    Դադարեցնել բոլոր տիպի ծանր բռնությունները երեխաների նկատմամբ այդ թվում՝ սպանությունները, անդամախեղությունները և զորակոչումը, ինչպես նաև՝ դպրոցների  և հիվանդանոցների գրոհումը:
•    Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:
•    Փախստականներին հյուրընկալող երկրների կառավարություններին և համայանքներին կայուն օժանդակություն ցուցաբերել խոցելի երեխաների համար անկախ նրանց կարգավիճակից:
•    Շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին Սիրիայի երեխաներին կյանքը փրկող օգնություն ցուցաբերելու համար: