Հրեա երեխաների սպանություն ծրագրելու համար ԱՄՆ-ում վրացի նեոնացիստ է ձերբակալվել

Ինպես տեղեկացնում է JAMnews-ը Թբիլիսիից՝ հրեա երեխաներին թունավորելու մեղադրանքով ԱՄՆ-ում վրացի նեոնացիստ է ձերբակալվել։
 
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Մեթյու Օլսենի խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Վրաստանի 21-ամյա քաղաքացի Միխեիլ Չխիկվիշվիլիին, որը նեոնացիստական խմբավորում է ղեկավարում։ Խմբավորումը Նյու Յորքում Ամանորի գիշերը հրեա երեխաների զանգվածային սպանություն էր ծրագրել։ Չխիկվիշվիլին և նրա հանցակիցը պատրաստվում էին երեխաներին թունավորած կոնֆետ բաժանել։
 
«Չխիկվիշվիլիի հանցակիցը պետք է հագնվեր Ձմեռ պապի կերպարանքով և թունավորած կոնֆետ բաժաներ Բրուքլինի դպրոցների հրեա երեխաներին»,- ասվում է Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ։
 
Դատախազությունը ենթադրում է, որ Չխիկվիշվիլին, որն ունի մի քանի մականուններ, այդ թվում՝ «Հրամանատար մսագործ», առաջնորդն է «Մարդասպան մոլագարների պաշտամունքի»։ Այն միջազգային ծայրահեղական խմբավորում է, որը հետևում է նեոնացիստական գաղափարախոսությանը, քարոզում է ռասայական բռնություն և հակասեմականություն:
 
Հղում անելով ԱՄՆ դատախազությանը` The Guardian-ը գրում է, որ խմբավորման նպատակը ահաբեկչության ու բռնության միջոցով հասարակական կարգը խախտելն է։ Չխիկվիշվիլին ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է հավաքագրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի գործակալին։
 
Ենթադրվում է, որ հենց Չխիկվիշվիլին է 2021 թվականին հրապարակված «Հեյթերների տեղեկատու» կոչվող մանիֆեստի հեղինակը։ Այնտեղ նա պնդում էր, որ ինքը «սպանում է հանուն սպիտակների (եվրոպոիդ) ռասայի» և հորդորում մյուսներին անել նույնը։
 
Եթե Չխիկվիշվիլին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում, մասնավորապես՝ 20 տարի՝ բռնություն հրահրելու համար, 5 տարի՝ բռնության հրահրման նպատակով դավադրության համար, 20 տարի՝ պայթուցիկ սարքերի պատրաստման և օգտագործման հետ կապված տեղեկությունների տարածման և 5 տարի՝ սպառնալից հաղորդագրություններ տարածելու համար։