Թուրքիո մեսիջը՝ Վաշինգտոնին

ԿՍՐՎԻ՞ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Լավրով- Քերի հանդիպումից հետո աշխարհի ուշադրությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն  էր ԱՄՆ: Այցն առանց միջադեպերի չանցավ. դրա  դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել հայկական, քրդական և հունական համայնքների ներկայացուցիչները:  Թուրքերն էլ ի պաշտպանություն իրենց կուռք Էրդողանի էին  ակցիա կազմակերպել: Հետաքրքիրն այն է, որ   ԱՄՆ-ի  իրավապահները շատ լավ իմանալով, որ հնարավոր են բախումներ, կանխարգելիչ գործողություններ չէր ձեռնարկել: Ավելին, նրանք բարբարոսներին զսպելու անհրաժեշտ քայլերը չեն արել նույնիսկ այն ժամանակ, երբ  էրդողանականները հարձակվել են: 
 
Թեև հայկական համայնքի ներկայացուցիչները լուրջ վնասվածքներ չեն ստացել, բայց էրդողականների քայլն արտառոց է նրանով, որ թուրքերը հարձակվում են ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Իսկ Վաշինգտոնը, խուլիգաններին ձերբակալելու փոխարեն, ընդամենը մեղադրանք է առաջադրում ամերիկացի ոստիկանի վրա հարձակվող մեկ թուրքի: ԱՄՆ-ում հայկական համայնքը, կարծում ենք, հետամուտ կլինի մեղավորներին պատժելու համար:
 
Այցին առնչվող մյուս հարցը  Սիրիայի հակամարտությունն է: 
 
- Անկարան և Վաշինգտոնը քննարկում են Սիրիայում և Իրաքում միասնական գործողությունների տարբերակներ: Մենք քննարկում ենք միասնական ջանքերը, որ կարող ենք ի կատար ածել Սիրիայում և Իրաքում,- ասել է Էրդողանը:
 
Թե ինչ ջանքերի մասին  է խոսքը՝ չեն մանրամասնում: Կարող ենք ենթադրել, որ խոսքն Ասադի ռեժիմն ու նրան տապալելու ջանքերի մասին է, քանի որ հակամարտությունից ի վեր  երկու պետություններն էլ պահանջում են Ասադի հրաժարականը: Չի բացառվում, որ այս նպատակով երկու երկրները զինեն հակակառավարական ուժերին:
 
ԱՄՆ-ի և Թուրքիայի  տարաձայնություններից մեկն էլ քրդական խնդիրն է: Թե ինչ են պայմանավորվել դաշնակիցները փակ դռների ետևում՝  դեռ պարզ չէ: Բայց Էրդողանը հայտարարել է.
 
- Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների համագործակցությունը։ Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար տեղ չկա: 
 
Կհամաձայնի՞ ԱՄՆ-ը չեղյալ համարել մինչ Էրդողանի այցը Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին զենք տրամադրելու մասին որոշումը՝ դժվար է ասել: Բայց աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քուրդ զինյալները ԱՄՆ-ի համար վստահելի հենարան են՝ ահաբեկիչների դեմ պայքարելու: 
 
Ոչ Թուրքիայում, ոչ էլ ԱՄՆ-ում  այս հանդիպումից բեկում չեն ակնկալում, չնայած Թրամփը Էրդողանի ամեն բառին գլխով հավանություն էր տալիս ու ժպտում: Չի բացառվում, որ եթե Թուրքիայի սպասելիքները չարդարանան, գուցե Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների վատթարացում սկսի: Գուցե թուրքերի ագրեսիան ու հարձակումը՝ ընդդեմ հակաէրդողականների, ակնարկ է, թե ինչ իրավիճակ կլինի ԱՄՆ-ում, եթե Անկարայի ախորժակը չբավարարեն: