«Վրացական երազանքի» նարատիվները սուտ են». ԱՄՆ պետքարտուղարի օգնական
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նարատիվները, այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցության» և Վրաստանում երկրորդ ճակատ բացելու մասին, սուտ են։ Ինչպես հայտնում է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, Յուրի Քիմը Վրաստանի կառավարության մասին խոսել է Carnegie Endowment-ի միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանային նոր կարգում ԱՄՆ դերին։
- Երբ պնդում եք, որ ԱՄՆ-ը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, դրանք ֆեյք լուրեր են… Երբ պնդում եք, որ Ամերիկայի դեսպանը՝ Միացյալ Նահանգների նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչ-որ կերպ ներգրավված է Վրաստանի նման բարեկամ երկրի ընտրված իշխանության տապալման գաղտնի գործողության մեջ, դրանք էլի ֆեյք լուրեր են:
Երբ դուք պնդում եք, որ կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ուզում է վնաս հասցնել Վրաստանին, դրանք կեղծ լուրեր են: Երբ դուք պնդում եք, որ չնայած Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Վրացական երազանքի» գործողությունների քննադատությանը, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ավելի առողջ են, քան երբևէ, դրանք կեղծ լուրեր են, - նշել է Յուրի Քիմը:
Ալեքս Ռաուֆօղլուի խոսքով՝ Քիմն ընդգծել է, որ անհնար է, որ երկու միմյանց բացառող հանգամանքներ միաժամանակ գոյություն ունենան։
- Այդ երկուսը չեն կարող լինել միաժամանակ… Նախ ասում եք, որ ներկայացնում եք ձեր ժողովրդին և ուզում եք ունենալ ապագա Եվրոպայում և ամուր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, իսկ հետո անում եք այն, ինչ անում է և ինչ ուզում է Ռուսաստանը։
Սա խելագարություն է, հատկապես այն պայմաններում, երբ երկրի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից,- Յուրի Քիմի խոսքերն է մեջբերում Ռաուֆօղլուն։
«Գլոբալ պատերազմի կուսակցություն», «Ազգային շարժում», «ուկրաինացում». այսպիսի նարատիվներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 16-ին մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը: «Երազանքի» նոր կենտրոնական գրասենյակի բացման ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող կուսակցությունն «առնվազն 12 տարի» չի պատրաստվում պարտվել ընտրություններում։
Համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև կուսակցության պատվավոր նախագահ, երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին։ Նա նշել է, որ 2012 թվականին վրաց հասարակությունն ազատվեց «Ազգային շարժման» ռեժիմից, սակայն, ինչպես «հետագայում պարզվեց», այդ ռեժիմը կարողացել էր խորը արմատներ գցել և գլոբալ ազդեցություն ունեցող ուժի գործակալ դառնալ:
Գրասենյակի բացմանը նաև հայտարարվել է, որ «Վրացական երազանքը» և նրանից պաշտոնապես անջատված «Ժողովրդի ուժը» ռուսամետ շարժումը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով։ Այդ մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
JAMnews․ Թբիլիսի