Անհատի իրավունքն ամեն ինչ է, ազգի իրավունքը՝ ոչինչ

Իհարկե, շատ լավ է, որ միջազգային կազմակերպություններն ու հանրությունն այդքան մտահոգ են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակով և «խստորեն քննադատում են»: Իսկ որ Ադրբեջանը մի ամբողջ ազգի իրավունքներն է լկտիորեն ոտնահարում, զենքով ու զորքով նրա դեմ է դուրս գալիս, նույն միաջազգային կառույցների պետքն էլ չէ: Այսօրվա աշխարհում անհատի իրավունքն ամեն ինչ է, ազգի իրավունքը՝ ոչինչ: Ու քանի դեռ այդպես է, քանի դեռ հանրության իրավունքն այն մակարդակին չի հասել, որ այնտեղ անհատի իրավունքները պաշտպանված լինեն, ՄԻԵԴ-ի շարունկելու է «խստորեն քննադատել»՝ այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով:
 

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսն Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների ոտնահարման համար: Իր հայտարարության մեջ նա անդրադարձել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի քանի ակտիվիստների:  Նա նշել է, որ այդ բոլոր մարդիկ ձերբակալվել են թմրանյութեր պահելու, իրացնելու, խուլիգանության և այլ մեղադրանքներով, սակայն իրականությունն այն է, որ նրանք քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, այդ պատճառով էլ նրանց լռեցրել են ձերբակալության միջոցով:

- 2015թ. սկսած՝ ես Մարդու իրավունքների եվրոպական դատարան եմ ներկայացրել Ադրբեջանի վերաբերյալ 7 գործ: Իմ կարծիքով այդ բոլոր գործերն արտացոլում են Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ առկա խնդիրները, խոսքի ազատության սահմանափակումները, հասարակական կազմակերպությունների կաշկանդվածությունը, իրավապաշտպանների և փաստաբանների նկատմամբ իրականացվող իշխանական հետապնդումները,- ասել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Նա նաև նշել է, որ ինքը խստորեն քննադատում է Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ քայլերը և պահանջում ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին:

Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջով հանդես են եկել բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և պաշտոնատար անձինք, սակայն իշխանությունները մնում են անդրդվելի և ավելի են կոշտացնում խոսքի ազատության սահմանափակման հակաօրինական մեթոդները: