Ո՞ւմ հետ է Թրամփը պայքարելու ահաբեկչության դեմ

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՍԻ-ԷՆ-ԷՆ-Ի ԹԻՐԱԽՈՒՄ

Ամերիկյան «Մեդիա ռիսըրչ սենթր» ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել և եկել այն եզրակացության, որ այդ հեռուստաալիքն իր գրեթե ամբողջ եթերային ժամանակը ծախսում է Թրամփի վարչակազմին քննադատելու համար:
   

Լրատվամիջոցների ուսումնասիրությամբ զբաղվող այս ընկերության կայքում տվյալներ են հրապարակվել: Այնտեղ վերլուծվում է հեռուստաընկերության եթերի 20 ժամվա մանրամասները` սկզբնակետ ունենալով մայիսի 12-ի գիշերը: Գովազդային հոլովակներն ու տարբեր հայտարարությունները հանած, նորությունների թողարկումներին ու հաղորդումներին մնում է 13 ժամ 27 րոպե: Այդ ժամանակից 12 ժամ 19 րոպեն (92 տոկոսը) նվիրված է եղել այն ծրագրերին, որոնք վերաբերում են Թրամփի վարչակազմի աշխատանքին, և միայն 1 ժամ 8 րոպեն է այլ թեմաների վերաբերել:

Իհարկե միջազգային տարածում ու հսկայական լսարան ունեցող այս լրատվամիջոցի քննադատությունից Թրամփի ինքնագոհությունը մազաչափ իսկ չի պակասել: Նույն ինքնագոհությամբ նա երեկ Թուրքիայի իր պաշտոնակցի հետ ահաբեկչության դեմ պայքարի ծրագրեր էր քննարկում այն պահին, երբ Էրդողանի թիկնազորն ասկյարի դաժանությամբ հաշվեհարդար էր տեսնում անզեն խաղաղ ցուցարարների հետ:

Թե ինչպես է Թրամփը պատկերացնում ահաբեկչության դեմ պայքարը ահաբեկիչների օգնությամբ, միայն իր խեղաթյուրված երևակայությունը կարող է պատկերել: Հետաքրքիր է` ԱՄՆ-ի ինքնասիրությունը բոլորովին չի՞ վիրավորվել, որ իրենց հողում իրենց քաղաքացիների դեմ ոտնձգություն են անում թուրքերը: Ամերիկացի ոստիկանները, համենայնդեպս, այնքան էլ հակված չեն եղել Էրդողանի պարապած ու զինված թիկնապահներին զսպելու, որպեսզի կանաց ու ծերունիներին չքացահարեն: