«Արևմուտքը կենսաքիմիական զենք է ստեղծում Վրաստանում». ՏԱՍՍ
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Արևմուտքը «վտանգավոր փորձեր» է անցկացնում Ուկրաինայի և Վրաստանի հոգեբուժական հաստատությունների բուժառուների վրա՝ «կենսաբանական և քիմիական զենքի» նոր տեսակներ ստեղծելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ ռուսական պետական քարոզչական լրատվական գործակալությունը:
Պարբերականը տարածել է տեղեկատվությունը՝ հղում անելով Միխայիլ Կովալչուկի՝ Պուտինին մոտ կանգնած «ականավոր հետազոտողին»:
- Պատահական չէ, որ հենց Խորհրդային Միությունը փլուզվեց, ամերիկացիները մտան մեր բոլոր նախկին հանրապետություններն ու սոցիալիստական երկրները, իրենց լիակատար վերահսկողության տակ վերցրին մեր սանէպիդկայանները, ինչպես նաև իրենց ձեռքն առան այդ երկրների՝ վիրուսների և բակտերիաների բոլոր հավաքածուները,- ասել է Կովալչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ամերիկացիները «հատուկ ուշադրություն» են դարձնում Ռուսաստանի էնդեմիկ բակտերիաների և վիրուսների հավաքածուներին, ինչը չի կարող պատահական լինել։
- Եվ մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են նրանք կենսաբանական և քիմիական նոր զենք ստեղծելու նպատակով Ուկրաինայում՝ Խարկովի մոտ, ինչպես նաև Վրաստանում անցկացրել ամենավտանգավոր հետազոտությունները, մասնավորապես՝ հոգեբուժական հաստատությունների բուժառուների շրջանում՝ խախտելով բարոյականության և իրավունքի բոլոր նորմերը,- հավելել է Կովալչուկը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը տարածում է դավադրության տեսություններ այն մասին, թե Արևմուտքն, իբր, կենսաքիմիական զենք է մշակում Վրաստանում և Ուկրաինայում։
Օրինակ՝ արդեն երկար տարիներ է, ինչ Լուգարի լաբորատորիան բախվում է ռուսական քարոզչությանը։
Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները Վրաստանում գործող ռուսամետ ռեսուրսների աջակցությամբ իսկական տեղեկատվական պատերազմ են մղում այդ կենտրոնի դեմ։
Ստեղծվել են նույնիսկ վավերագրական ֆիլմեր, որոնցում Լուգարի լաբորատորիան մեղադրվում է Վրաստանում վտանգավոր վիրուսներ տարածելու մեջ։
Վրաստանում հայտարարում են, որ ռուսական ապատեղեկատվությունը սովորաբար ուղղված է երկրում իրականացվող հաջողված ծրագրերի դեմ։ Օրինակ՝ հեպատիտ C-ի վերացման ծրագիրը նույնպես հաճախ է դառնում ռուսական ապատեղեկատվության թիրախ։
2022 թվականի հուլիսի 12-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը կենսաբանական հետազոտություններ է անցկացնում Լուգարի լաբորատորիայում։
- Այդ կենսաբանական օբյեկտի բազայի վրա անցկացվում են հետազոտություններ՝ միջատներին առանձնապես վտանգավոր կենսաբանական և վարակիչ հիվանդությունների տարածողների դերում օգտագործելու նպատակով,- հայտարարել էր Զախարովան։
Կորոնավիրուսի համավարակի բռնկման ընթացքում ժամանակակից սարքավորումներով հագեցած Լուգարի լաբորատորիան կարևոր դեր է խաղացել առողջապահության ոլորտում հասարակական անվտանգության ապահովման գործում։
Փորձագետներն ընդունում են, որ Լուգարի կենտրոնի պատրաստվածությունը Վրաստանի՝ վիրուսի դեմ պայքարում գրանցած հաջողության հիմնական պատճառներից մեկն էր։
JAMnews․ Թբիլիսի