«Ընտանեկան արժեքների մասին» օրինագիծ Վրաստանում

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՈՄՈՖՈԲ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ և քարոզչական օրինագիծը։ Ընդդիմությունը ներկա չի եղել քննարկմանը և չի մասնակցել օրինագծի քվեարկությանը։

ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրինագծին աջակցել է 81 պատգամավոր։ Եվրամիությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։
 
ԵՄ բարձր ներկայացուցչի մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը դատապարտում է հրատապ կարգով «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրենսդրական փաթեթի ընդունումը երկրորդ ընթերցմամբ։
 
Ընդգծվում է, որ փաթեթը խարխլում է Վրաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքները և ստեղծում սպառնալիք բնակչության մի մասի հանդեպ խարանի և խտրականության ուժեղացման համար։
 
«Եվրամիությունը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհի վրա լուրջ հետևանքներ ունեցող օրենսդրությունն ընդունվել է առանց պատշաճ հանրային խորհրդակցությունների և առանց եվրոպական ու միջազգային չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ խորը վերլուծության»։
 
Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը Եվրամիության ընդլայնման գործընթացի հիմքում են։ Դրանք ամենամյա պարբերականությամբ գնահատվում են ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում։
 
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ամբողջովին վերանայել այս օրենսդրական փաթեթը։ Նման նախագիծը քաղհասարակության նկատմամբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով սահմանված սահմանափակումների հետ մեկտեղ էլ ավելի կսրի Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները։
 
Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է, և իշխանություններին կոչ է անում վերադառնալ ԵՄ-ի հետ ինտեգրման ուղի», - ասվում է Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
 
● Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է օրենքով ամրագրել, որ չի կարելի գրանցել ամուսնական միություն, որը կնոջ և տղամարդու միություն չէ։ Բացի այդ, քվիր համայնքի ներկայացուցիչները չեն կարողանա որդեգրել անչափահասի։ Հարկ է նշել, որ քվիրները Վրաստանում դա չեն կարող անել նաև հիմա, քանի որ օրենքում արդեն իսկ կան սահմանափակումներ։
 
● Բացի այդ, նոր փոփոխությունները էլ ավելի են վատթարացնում տրանսգենդերների իրավունքները, քանի որ սահմանափակում են բժշկական ծառայությունների հասանելիությունը, սեռափոխության գործընթացը, ինչպես նաև սահմանափակում են անձը հաստատող փաստաթղթերում գենդերային ինքնությանը համապատասխան սեռի գրանցումը։
 
● Փոփոխությունները սահմանափակում են նաև կարծիքի արտահայտման ազատությունը։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ուսումնական հաստատությունում արգելվելու է այնպիսի տեղեկատվության տարածումը, «որն ուղղված է մարդու՝ իր սեփականից տարբեր սեռին պատկանելության քարոզչությանը, ինչպես նաև միասեռ հարաբերությունների կամ ինցեստի քարոզչությանը»։
 
● Բացի այդ, հեռուստաալիքներին նույնպես չի թույլատրվելու տարածել նման տեղեկատվություն։ Ենթադրաբար, դա նշանակում է, որ որոշ տեսարաններ պետք է հանվեն ֆիլմերից։
 
● Օրենքի ընդունման դեպքում կարգելվի այնպիսի հանրահավաքների և ցույցերի անցկացումը, «որոնք ուղղված են մարդու՝ իր սեփականից տարբեր սեռի հետ նույնականացմանը, միասեռ հարաբերությունների կամ ինցեստի քարոզչությանը»։
 
Այս օրինագծով «Վրացական երազանքը» հայտարարում է, որ ցանկանում է «պաշտպանել ընտանեկան արժեքները», բայց իրականում սահմանափակում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները և գրաքննություն է մտցնում։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական զեկույց է պատրաստել այս հոմոֆոբ օրինագծի վերաբերյալ։
 
JAMnews․ Թբիլիսի