ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները Վրաստանով

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌԴ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ. SKY NEWS

Բրիտանական Sky News հեռուստաալիքը հրապարակել է հետաքննություն, ըստ որի, չնայած արևմտյան պատժամիջոցներին՝ թանկարժեք մեքենաները Ռուսաստան են հասնում Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Վրաստանի տարածքով։
 
Sky News-ը հաղորդում է, որ թեև պատժամիջոցների սահմանումից հետո Արևմուտքից ՌԴ արտահանումը նվազել է, սակայն արևմտյան երկրներից արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ, այդ թվում՝ Վրաստան, արագորեն աճել է։
 
Հեռուստաալիքի նկարահանող խումբը տեղում աշխատանքներ է իրականացրել երկու օր և վերծանել այն սխեման, որով եվրոպական լյուքս դասի մեքենաները գրանցում և փաստաթղթավորվում են Հայաստանում, որտեղ էլ նրանց տրանզիտային համարներ են տրվում։ Իսկ հետո վրացական փոխադրողները վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետով դրանք տեղափոխում են Ռուսաստան։ Նրանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչպես են այդ մեքենաները հայտնվել Վրաստանում։
 
Լրագրողների փոխանցմամբ՝ որոշ դեպքերում փոխադրողներին խորհուրդ է տրվում սահմանին ասել, որ իրենք գնում են ոչ թե հենց Ռուսաստան, այլ Ռուսաստանի տարածքով դեպի Ղրղզստան։ Իսկ ռուսական կողմում փոխադրողներին դիմավորում է մի խումբ, որն արդեն մեքենան հասցնում է նախանշված վայր։
 
- Մինչ բրիտանական ավտոարտադրողները և իշխանությունները ասում են, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ փակելու այս ոչ պաշտոնական առևտրային ուղիները, մեր հետաքննության ամենազարմանալի արդյունքն այն է, որ Վրաստանում ոչ ոք նույնիսկ չի փորձում թաքցնել, թե ինչ է կատարվում: Բոլորին հայտնի է, որ եվրոպական այս մեքենաները չպետք է գնան Ռուսաստան, բայց ամեն օր առնվազն մեկ այդպիսի մեքենա է հատում սահմանը։ Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում, բայց ոչ ոք ոչինչ չի անում դա կանգնեցնելու համար,- ասում է Sky News-ը:
 
Sky News-ն ընդգծում է, որ լրագրողները հայտնաբերել են ոչ միայն պատժամիջոցների տակ գտնվող մեքենաների, այլև պատերազմի համար կարևոր այլ բեռների՝ էլեկտրոնային դետալների և ռադարների փոխադրման դեպքեր։
 
Սակայն հեռուստաալիքն իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես մեքենաների վրա, քանի որ դրանք թաքցնելու տարբերակ չկա, տեսանյութերի և լուսանկարների միջոցով լրատվամիջոցները կարող են պատժամիջոցները շրջանցելու վիզուալ ապացույցներ ներկայացնել։
 
Լրագրողների խոսքով՝ ռուսական տնտեսությունը շարունակում է ուժեղ լինել, Մոսկվայում առաջին անհրաժեշտության և ոչ հիմնական ապրանքների պակաս չկա, իսկ կովկասյան երկրները, ինչպիսիք են Վրաստանն ու Ադրբեջանը, հսկայական տնտեսական խթան են ստացել՝ դառնալով ոչ ֆորմալ առևտրային ուղիներ:
 
- Հաղթեցին բոլորը, բացի ուկրաինացիներից,- ամփոփել են հետաքննության հեղինակները։
 
Աղբյուր՝ JAMnews․ Թբիլիսի