COP29-ին մասնակցող ԵԽ պատվիրակությանը հատուկ հեռախոսներ կտրվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով
ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԳՆԱԼ
factor.am-ի տեղեկացմամբ՝ Եվրոպացի խորհրդարանականներին հանձնարարվել է զգույշ լինել COP29-ի ժամանակ, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Եվրախորհրդարանի անդամներից մեկը՝ Մայքլ Բլոսը, Euronews-ին ասել է, որ մինչ Բաքու մեկնելն իրենց կտրամադրվեն մեկանգամյա օգտագործման հեռախոսներ և նոութբուքեր։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բլոսը կարծում է, որ իրենց հրահանգել են Բաքվում օգտագործել սովորական հեռախոսներ, քանի որ նրանք կարող են սմարթֆոններից գողանալ իրենց անձնական տեղեկությունները։
- Անվտանգության հարցերով խորհրդականները զգուշացրել են մեր սարքերը կոտրելու հնարավորության մասին: Սա նախազգուշական միջոց է՝ հիմնված տարածաշրջանում բռնաճնշումների անձնական փորձի վրա։ Նույնիսկ որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք չենք կարող ազատ շփվել՝ առանց կառավարության վերահսկողությունից վախենալու։ Ինձ համար ամեն ինչ պարզ է․ Ադրբեջանը ճնշում է քննադատական ձայները և օգտագործում COP-ը՝ որպես իմիջի կառավարման հարթակ, այլ ոչ թե իրական երկխոսության,- ասել է պատգամավորը։
Ավելի վաղ էլ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ասել էր, որ խորհրդարանի անդամներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վախենում են գագաթնաժողովի շրջանակում գնալ Ադրբեջան։
- Խորհրդարանի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ինձ հարցնում են՝ ի՞նչ կարող է պատահել մեզ հետ, եթե գնանք այնտեղ։ COP-ի վերջին միջոցառումներն անցկացվել են Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մինչ այժմ մասնակցել եմ 20 COP միջոցառումների: Ոչ ոք երբեք չի վախեցել գնալ COP միջոցառումներին: Երբեք չի եղել, որ սովորական մարդիկ անհանգստանան հյուրընկալող երկիր գնալու համար։ Սա առաջին անգամ է տեղի ունենում,- հայտարարել է ԵԽԽՎ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ կլիմայական COP29 համաժողովն Ադրբեջանում կանցկացվի նոյեմբերի 11-ից 22-ը։