ՄԱԿ-ում մեկնաբանել են հակամարտությունների գոտիներում լրագրողների սպանությունները
2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՍՊԱՆՎԵԼ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ԱՇԽԱՏԱԿԻՑ․ ՄԱԿ
ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարությանը հղում կատարելով՝ հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել «Փաստինֆո»-ն, որը նաև զգոնության կոչ պետք է լինի պատերազմասեր երկրների համար։
2024 թվականին ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել են ԶԼՄ-ների ավելի քան 60 աշխատակիցներ, հատկապես ցնցող են պաղեստինցի լրագրողների շրջանում կորուստները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարության մեջ՝ լրագրողների դեմ կատարված հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
«2023 թվականին սպանվել է 71 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, ավելի քան 300-ը բանտարկվել են։ Կին լրագրողները հաճախ դառնում են առցանց բռնության թիրախ, որը կարող է վերածվել ֆիզիկական բռնության: Արդեն այս (2024-խմբ.) տարում 61 լրագրող է զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս՝ շատ հաճախ հակամարտությունների, կլիմայի փոփոխության կամ այլ ճգնաժամերի լուսաբանման ժամանակ», - ասված է փաստաթղթում։
Թյուրկի տվյալներով՝ լրագրողների յուրաքանչյուր տասը սպանությունից ութից ավելին անպատիժ է մնում։
- Կառավարությունները պետք է ավելին անեն հարձակումները կանխելու, լրագրողներին պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Պետություններին անհրաժեշտ են նաեւ օրենքներ՝ կարծիքների արտահայտման եւ տեղեկատվության ազատության պաշտպանության համար, - ընդգծել է նա։
Աղբյուր` Փաստինֆո