Ադրբեջանին ոչ մի հարցում թափանցիկություն հարկավոր չէ

Տեսնես ե՞րբ է մարդկությունն այնքան խելք հավաքելու, որ նավթուգազի փոխարեն էներգիայի այլ աղբյուրներ կիրառի: Իսկ որ դա այսօր էլ հնարավոր է` շատերն են պնդում: Ուղղակի աշխարհին տիրանալ ձգտողներին բոլորովին ձեռնտու չէ: Չէ՞ որ այսօր առկա բոլոր թեժ հակամարտությունների հիմքում, թաքուն թե բացահայտ, հենց նավթագազաշահերն են դրված:   

Ադրբեջանը դուրս է եկել «Արդյունահանող ոլորտներում թափանցիկության նախաձեռնությունից», որը, ըստ «Financial Times»-ի, հարցականի տակ է դնում դեպի Եվրոպա գազի մատակարարումների բազմամիլիարդ նախագծերի համար վարկերի ստացումը: Նախագծի ֆինանսկան հովանավորները բարդ դրության մեջ են հայտնվել, քանի որ այդպիսով կասկածելի են դառնում թե՛ լավ գործարքի կնքումը, թե՛ նրա լավ կառավարումն ու թափանցիկությունը: Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն էլ, մեկնաբանելով այդ որոշումը, նշում է, թե այդպիսով Բաքուն զրկվելու է հսկողության լուրջ մեխանիզմից: Իսկ ահա Համաշխարհային բանկը հայտարարել է, թե ինքն ամեն կերպ կաջակցի նավթային եկամուտների կառավարման ոլորտում թափանցիկությունը զարգացնելու Ադրբեջանին ջանքերին:

Զարմանալ կարելի է, թե ինչպես Ադրբեջանի նավթից ամեն կերպ օգտվել ցանկացող կառույցները չեն ուզում ընդունել, որ այդ երկրի կառավարողներին իրենց թափանցիկությունը ոչ մի հարցում հարկավոր չէ: Նրանք կարիք չունեն քողարկելու լոկ իրենց լկտիությունն ու ագահությունը, իսկ մնացած ամեն ինչը պետք է թաքուն արվի, մինչև որ բացասական հետևանք թողնելով՝ չբացահայտվի: