Ո՞րն է Ամերիկայի հետ խաղաղ գոյակցության պայմանը

Երբ «Ամերիկյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներից մեկում մի թուրք թռիչքի ժամանակ փորձել է ներխուժել օդաչուական խցիկ, ամերիկյան երկու կործանիչ իսկույն օդ են բարձրացել, որպեսզի կանխեն հնարավոր աղետը: Օդանավն ուղևորվելիս է եղել Հոնոլուլու:

Արագ արձագանքման անօրինակ նախադեպ: Թե ինչ է ցանկացել այս դեպքում միայնակ թուրք տղամարդը` դեռևս հայտնի չէ: Նրան օդանավի վայրէջքից հետո ձերբակալել են: Իհարկե՝ օդանավերի առևանգման և պայթեցման բազմաթիվ փաստերը հիմք են տալիս մտածելու, որ մեկ հատիկ թուրքի սպառնալիքին դիմակայելու համար երկու կործանիչ օդ բարձրացնելը գուցե իրոք արդարացված է: Սակայն երբ սա համադրում ենք մայիսի 17-ին Էրդողանի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպի հետ` ծիծաղելի տարբերություն ենք տեսնում: Հատուկ պատրաստված ու ընտրված թուրք անվտանգայիններից մի քանի խաղաղ ցուցարարներին պաշտպանելու համար մի քանի անգործունյա ոստիկան էին հանել, մեղավորներին էլ երևի դիվանագիտական պատիվներով իրենց երկիր են ճամփել:

Հայ գործիչներն այս առթիվ ասում են, թե միակ ճանապարհն այն է, որ ցուցարարները դիմեն ամերիկյան դատարաններ, որոնք էլ մեղադրական վճիռներ կկայացնեն: Թե չէ` Թրամփի վարչակազմի արժանի պատասխանին սպասելով կմնան:

Իսկ այ, Սաուդյան Արաբիայի թագավորը շատ բարձր է գնահատել անվտանգության ամրապնդման գործում Թրամփի դերը, և նրան շնորհել է իր թագավորության բարձրագույն քաղաքացիական պարգևը` Աբդուլազիզ թագավորի ոսկե մեդալը: Թագավորական պալատում Թրամփին ընդունելով` Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը նշել է, թե ԱՄՆ նախագահի այցը նպաստում է անվտանգության ամրապնդմանը:

Ամերիկյան իշխանությունները, որպես իրենց գործունեության արդարացում` միշտ պատրվակ են բերում երկրների ժողովրդավարական անմխիթար վիճակը և իրենց իրավունք վերապահում միջամտելու նրա ներքին գործերին, անգամ ռազմական միջամտության են դիմում: Սաուդյան Արաբիան աշխարհի այն երկրներից է, որոնց պարագայում ժողովրդավարություն բառն ամենաանհամապատասխանն է, սակայն այս երկու երկրների բարեկամությունը ոչ մի բանով չի խաթարվում:

Արդեն սահմանադրությամբ բռնապետության վերածվող Թուրքիան նույնպես Թրամփի սիրելիների վերին հորիզոնականներում է: Մինչդեռ բոլոր մահացու մեղքերի մեջ Էրդողանի կողմից մեղադրվող Աբդուլահ Գյուլենը այս օրերին ցավ է հայտնել, թե ինչպես է վերջին ժամանակներում աշխարհիկությանն ու ժողովրդավարությանը հազիվհազ առնչված Թուքիան վերադառնում հետադիմական գործելակերպի ճահիճը: 

Դե արի ու հավատա, թե ժողովրդավարությունն է դեպի զինավառ ու ռազմատենչ (որքան էլ այս երկու հատկանիշները չեն տարփողվում, սակայն ոչ էլ կասկած են հարուցում) Ամերիկայի հետ խաղաղ գոյակցության տանող ուղիղ ճանապարհը: