Լեհաստանն ուզում է «քոչը քարավանի՞ն խառնել»

Ռազմական ծախսերն ավելացնելու Վարշավայի որոշումը, անկասկած, քայլ է նաև Ռուսաստանի դեմ: 

Լեհաստանը պատրաստակամություն է հայտնում մեծացնելու ռազմական ծախսերը: 1955թ. հենց Վարշավայում էր ստորագրվել ռազմական համագործակցության պայմանագիրը՝ որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին, իսկ այժմ արդեն ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը Բրյուսելում դաշինքի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Անջեյ Դուդայի բերանով հայտարարելու է, թե մինչև ՀՆԱ-ի 2,5 տոկոսը մեծացնում է իր ռազմական ծախսերը: Տեղեկության աղբյուրը Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխն է: Նա նշել է, թե նախագահի ցանկությունն է ընդգծել, որ Լեհաստանը պատրաստակամ է ստանձնելու անվտանգության հետ կապված մեծ ծախսերը:

Պաշտոնական Վարշավան նաև նշել է, թե պատրաստ է մասնակցել հակաահաբեկչական գործողություններին: Այժմ հակաահաբեկչական գործողություններ անվան տակ են երկրները պատերազմի թատերաբեմ դարձրել Մերձավոր Արևելքը: Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե Լեհաստանն էլ է որոշել «իր քոչը քարավանին խառնել» և բաժանվելիք կարկանդակից սեփական պատառը փախցնել: Ամեն դեպքում՝ երկրները ռազմական ծախսերը հենց այնպես չեն ավելացնում: Հիշենք, որ մեկ տարի առաջ Լեհաստանը ցանկություն էր հայտնել ՆԱՏՕ-ում նույնպիսի կարգավիճակ ունենալ, ինչպիսին ունեն Արևմտյան Եվրոպայի երկրները:

Վերլուծաբանների մեկնաբանությամբ՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև Արևմուտքը կարողացավ նրան վարպետորեն ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ, որի պատճառով տնտեսությունը զարգացնելու համար միջոցներ չմնացին: Գուցե այսօր նույնն է կատարվում նաև Ադրբեջանի հետ` ամբողջ աշխարհից աչքը տեսած զենքն առնում է: Բանն այնտեղ է հասել, որ լուրեր են տարածում, թե որոշ երկրներ նրանց վրա ծանր զրահատեխնիկայի անվան տակ պարզապես գյուղատնտեսական մեքենաներ են սաղացրել: Իսկ որ նրանց տնտեսությունը նույնպես լավ վիճակում չէ` շատ է խոսվում:  Թեև, իհարկե, այս դեպքում Լեհաստանի հետ համեմատության եզրերը շատ քիչ են:

Փաստորեն ՆԱՏՕ-ն ոչ միայն Վարշավայի պայմանագրի երկրների հաշվին համալրվել ու բարգավաճել է, այլև  գրեթե միակ հակառակորդ է տեսնում Ռուսաստանը: Ինչքան էլ Արևելյան Եվրոպան մեծամասամբ սլավոնական ազգերով է բնակեցված, երեկվա եղբայրների միջև այսօր բարեկամություն չկա: Այնպես որ`ռազմական ծախսերն ավելացնելու Վարշավայի որոշումը, անկասկած, քայլ է նաև Ռուսաստանի դեմ: