Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելական հակամարտությունում միջնորդի դեր ստանձնելու Իսրայելի առաջարկը․ Թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անակնկալ չի համարում Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության («Շին Բեթ») ղեկավար
Ռոնեն Բարի՝ Թուրքիա կատարած այցը, որի շրջանակներում
քննարկվել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ հնարավոր բանակցությունների հարցը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է՝ թեև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները լարված են, բայցևայնպես երկու երկրների հատուկ ծառայությունների միջև գաղտնի հանդիպումների մեծ ավանդույթ կա, որովհետև տարիներ շարունակ հարաբերությունների այլ փուլերում, երբ միջպետական կապերը սրված են եղել, վերոհիշյալ ծառայություններն, այնուամենայնիվ, պահպանել են կոնտակտները։
- Մասնավորապես, այդ բնագավառում իրեն շատ ակտիվ է դրսևորել Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով այն ժամանակ ղեկավարում էր երկրի հետախուզական ծառայությունը։ Ռոնեն Բարի այցը հետաքրքիր էր այն առումով, որ այս անգամ այն իրականացրեց իսրայելական «Շին Բեթի» , այլ ոչ թե «Մոսադի» ղեկավարը։ Ռոնեն Բարի ղեկավարած կառույցն այդ երկրի ընդհանուր անվտանգության ծառայությունն է, ինչը խոսում է այն մասին, որ քննարկվել են ոչ միայն հետախուզական, այլ ավելի ընդգրկուն նշանակության հարցեր։ Ինչպես բացահայտել է իսրայելական Walla կայքը, հավանաբար բանակցությունների արդյունքում կողմերն ինչ-ինչ համաձայնությունների կգան, թեև հայտնի է դարձել, որ թուրքական կողմը նախապես մերժել է պաղեստինաիսրայելական հակամարտության մեջ միջնորդի դեր ստանձնելու առաջարկը,- նշել է Սաֆրաստյանը։
Նա հիշեցրել է, որ մինչև վերջերս Կատարը բավականին ակտիվ միջնորդական առաքելություն էր իրականացնում Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցային գործընթացում, բայց հայտարարեց, որ այլևս չի շարունակելու միջնորդի դերակատարումը, ուստի Թել Ավիվը ցանկանում էր հասկանալ, թե արդյո՞ք Անկարան կստանձնի այդ առաքելությունը։
- Հետաքրքիր է, որ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, ինչը վկայում է հանդիպման կարևորության մասին, քանի որ Քալընն այն փոքրաթիվ անձանց խմբի մեջ է, ովքեր համարվում են Էրդողանի ամենամերձավոր մարդկանցից։ Դա նշանակում է, որ հանդիպման մասին ինֆորմացիան ուղղակիորեն փոխանցվել է Թուրքիայի նախագահին, ով, ամենայն հավանականությամբ, նախապես տվել էր համապատասխան ցուցումներ,- ասել է թուրքագետ ակադեմիկոսը։
Սաֆրաստյանն անդրադարձել է նաև այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ վերջինս իր մոտ չհյուրընկալի ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները չպետք է իրենց մոտ ընդունեն ահաբեկչական կազմակերպության ղեկավարներին։
- Երբ Կատարը հրաժարվեց միջնորդական առաքելությունից, պահանջեց նաև, որպեսզի երկրից հեռանան ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, ովքեր արաբական երկրում հաստատվել էին երկարաժամկետ կտրվածքով։ Սփռվեցին նաև տեղեկություններ, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները տեղափոխվել են Թուրքիա։ Սա էլ, ըստ էության, երկրորդ խնդիրն է, որը նույնպես քննարկվել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Թեև Անկարան հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները ժամանակ առ ժամանակ այցելել են Թուրքիա, սակայն հերքել է, որ նրանք մշտական հանգրվան են գտել Թուրքիայում։ Չպետք է մոռանալ, որ երբ Թեհրանում տեղի ունեցավ Իսմայիլ Հանիայի սպանությունը, նա մի քանի օր հետո պետք է այցելեր Անկարա, որտեղից ստացել էր հրավեր և պետք է ելույթ ունենար թուրքական Մեջլիսի առջև։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք Թուրքիայում է գտնվում ՀԱՄԱՍ-ի ղեկավար շտաբը և արդյո՞ք այդտեղից են համակարգվում գործողությունները։ Ահա սա է հերքել թուրքական կողմը,- պարզաբանել է թուրքագետը։
Սաֆրաստյանը նշել է, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու գործում Թուրքիայի և Կատարի մերժումից հետո մնացել է միայն Եգիպտոսը, հետևաբար հակամարտող կողմերի միջև բանակցություններ այս պահին տեղի չեն ունենում։
- Ամեն դեպքում Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ավելի խորքային դիտարկելու առումով հարկ է նշել, որ թեև Էրդողանը պարբերաբար հայտարարում է, թե իսրայելական կողմի հետ հարաբերություններն իրենք խզել են և դատապարտում է Իսրայելին, բայցևայնպես Թել Ավիվից արձագանքեցին, որ դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են, դեսպանատները գործում են։ Այդուհանդերձ, բոլոր կապերը չեն խզվել։ Այո, առևտրաշրջանառությունը որոշակիորեն սահմանափակվել է, սակայն կան փաստեր, որ թուրքական նավերով շարունակվում է վառելիքի մատակարարումը Իսրայելին։ Ի թիվս այլ ապրանքների՝ թուրքական կողմն առաքում է նաև փշալարեր, որոնք տեղադրվում են հակամարտության գոտում՝ Գազայի շրջանում, հետևաբար հարաբերությունների ամբողջական խզման մասին Էրդողանի հայտարարություններն իրականության հետ կապ չունեն,- հայտնել է Սաֆրաստյանը։
Թուրքագետը հավելել է, որ Էրդողանը պարզապես փորձում է բարձրացնել Թուրքիայի նշանակությունն իսլամական և մասնավորապես արաբական աշխարհում։ Դա նաև արվում է ներքին խնդիրները լուծելու նպատակով, քանի որ վերջին ՏԻՄ ընտրություններն արձանագրեցին կառավարության վարկանիշի զգալի անկումը, ուստի Էրդողանը ձգտում է հակաիսրայելական հռետորաբանությամբ իր կողմը գրավել իսլամիստական ուժերին և նման հայացքներ դավանող ընտրազանգվածին, բայց, ինչպես ասում են, խոսքերը մի բան են, իսկ գործերը՝ բոլորվին այլ բան։