Երկար սպասված հրադադարը՝ ամենաինտենսիվ օդային հարվածներից հետո

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ «ՀԸԶԲՈԼԼԱՀԻ» ՄԻՋԵՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

«Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահի» միջև ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որը մեծ քայլ է շուրջ 14 ամիս տևած մարտերին վերջ տալու ուղղությամբ։ Բեյրութի հարավային արվարձանների որոշ հատվածներում հնչել են տոնական կրակոցներ, հրադադարի անհապաղ խախտումներ չեն գրանցվել»․ France24-ի՝ այս մասին պատմող հաղորդագրությունը ներկայացրել է factor.am-ը։
 
Հրադադարը նախատեսում է երկու ամսով դադարեցնել մարտերը, բացի այդ, հարավային Լիբանանոմ «Հըզբոլլահի» զինված ներկայության դադարեցման պահանջ կա, իսկ իսրայելական զորքերը պետք է վերադառնան սահմանի իրենց կողմը: 
 
Հազարավոր լրացուցիչ լիբանանյան զորքեր և ՄԱԿ-ի խաղաղապահներ են տեղակայվելու երկրի հարավում, իսկ միջազգային խումբը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, վերահսկելու է այն։ 
 
Հրադադարը սկսվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 4-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութում ամենաինտենսիվ օդային հարվածներ էր հասցրել հակամարտության սկզբից ի վեր, որը վերջին շաբաթներին վերածվել է համապարփակ պատերազմի: 
 
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ողջ երկրում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ: 
 
Նախորդ գիշեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես էր եկել ուղերձով՝ հայտարարելով, որ «Հըզբոլլահի» կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում բանակը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։ 
 
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ողջունել է հրադադարը և այն բնութագրել որպես կայունության և տեղահանվածների վերադարձի ուղղությամբ վճռական քայլ։ 
 
«Հըզբոլլահն» իր հերթին ասել է, որ ընդունում է առաջարկը, սակայն խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ համաձայնագիրը վերջնական տեսքով չի տեսել: 
 
- Թշնամու կառավարության կողմից ստորագրված համաձայնագիրը վերանայելուց հետո մենք կտեսնենք՝ արդյո՞ք այն համընկնում է մեր հայտարարածի և լիբանանցի պաշտոնյաների համաձայնեցվածի միջև։ Իհարկե, մենք ցանկանում ենք վերջ տալ ագրեսիային, բայց ո՛չ պետության ինքնիշխանության հաշվին,- Al Jazeera-ին ասել է  խմբավորման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քամաթին: 
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը համաձայնել են ընդունել հակամարտությանը վերջ դնելու՝ Վաշինգտոնի առաջարկը՝ հավելելով, որ դա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում։