Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է

ՍԻՐԻԱՆ` ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Ինչպես տեղեկացրել են միջազգային և հայաստանյան լրատվամիջոցները՝ նոյեմբերի 30-ին Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը: «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տեղեկատվությանը՝ մանրամասնել է, որ իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյաները գրեթե դիմադրության չեն հանդիպել քաղաք մտնելիս։
 
Միացյալ Նահանգները Հայաթ Թահրիր ալ-Շամն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։
 
Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Բանակի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ կառավարական ուժերը ստիպված են եղել վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։
 
Ջիհադիստները հարձակումն սկսել էին շաբաթվա սկզբին՝ գրավելով կառավարության կողմից վերահսկվող քաղաքները Հալեպի և Իդլիբի շրջաններում և հասել Հալեպ, որտեղից նրանց մոտ մեկ տասնամյակ առաջ կառավարական ուժերը դուրս էին հանել:Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հետևյալ գրառումներն է կատարեկ Տելեգրամի իր էջում․ Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։
 
Այս առնչությամբ ուշարժան գրառում է կատարել նաև պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․
 
Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։
 
Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։
 
Ինչ է հայտնի այս պահին.
 
▪️ Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։
 
▪️ Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ հատվածին կապող հիմնական մայրուղին (դեպի մայրաքաղաք Դամասկոս և ծովափնյա Լաթաքիա քաղաքներ)։ Հալեպ քաղաքը դեռ շրջափակված չէ, քանի որ կան այլընտրանքային՝ արևելյան ուղիներ, բայց առկա է նման վտանգ։
 
▪️ Սիրիական կառավարական բանակը գրեթե դիմադրություն չի ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին ընթանում է բանակային ուժերի վերադասավորում և համալրում, որպեսզի մեծ հարվածով թշնամուն դուրս շպրտեն քաղաքից։
 
▪️ Մինչ այդ Հալեպի բնակչությունը (այդ թվում՝ հայությունը) մեծ վտանգի մեջ է։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ավերածությունների ու դաժանությունների են պատրաստ պրոթուրքական ահաբեկիչները։ Ուստի բանակի արագ և հաջող հակահարվածը խիստ կարևոր է։
 
▪️ Այս պահին ընթանում են մարտեր Հալեպի և Իդլիբի նահանգներում։ Էական է լինելու առաջիկա ժամերին Սիրիայի դաշնակից Իրանի և ՌԴ արձագանքը։ Խոսք է գնում ռուսական զորքերի մեծացման և մեծ հակահարվածի մասին, սակայն հստակություն չկա։ Իմ տեղեկություններով՝ երեկ Սիրիայի նախագահ Ասադը այցելել է Մոսկվա։
 
▪️ Թուրքիան վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին մեծ պատրաստություններ էր տեսել՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ գրավելու համար։ Ուստի մեծ հավանականությամբ առաջիկա օրերին սիրիական հակահարվածի անհաջողության կամ բացակայության պարագայում թուրքական բանակն իր դեմքով կմտնի երկրի այլ տարածքներ։
 
Ինչո՞ւ է պետք մանրամասն հետևել այս հերթական պատերազմական փուլին։ Որովհետև Սիրիայի վրա այս նոր հարձակման նախապատրաստության ողջ փուլում Թուրքիան հանդես էր գալիս «խաղաղության» կոչերով և պնդում, որ նոր տարածքներ գրավելու մտադրություն չունի։ Մինչդեռ դա ընդամենը սիրիական զգոնությունը թուլացնելու ու իրական մտադրությունները քողարկելու միջոց էր։ Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները։
 
Ինչպես ասում են՝ «Կո՛ւժ, քեզ կասեմ, կուլա՛, դու լսի՛ր»։
 
Թուրքական ներկայության մասին՝ նկարով․
 
 
 
Հալեպը գրաված ահաբեկիչներն են, որոնք ցուցադրում են թուրքական ազգայնամոլության նշանը՝ «Գորշ գայլը» (Bozkurt)։