Էրդողանի հերթական խաղը
ՔԱՆԻ՞ՍԸ ԿՈՒԼ ԿՏԱՆ ԽԱՅԾԸ
Թուրքիայի իրավապահները (ըստ թուրքական թերթերից մեկի) ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որին մեղադրում են Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Ըստ թերթի՝ Իսլամական պետությունը ծրագրել էր սպանել Թուրքիայի նախագահ Էրդողանին, երբ նա կվերընտրվեր իր առաջնորդած կուսակցության նախագահի պաշտոնում:
Տեղեկությունը որքան հետաքրքրական, նույնքան էլ կասկածելի է՝ ԱՄՆ-ում Էրդողանի այցի խայտառակ արդյունքներից հետո: «Ավանգարդը» գրել էր, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նախագահները խոսել էին իսլամիստների դեմ պայքարելու կարևորության մասին: Ու ահա տեղեկություն է հրապարակվում, թե իսլամիստները որոշել էին ոչնչացնել Անկարայի սուլթանին:
Իսլամիստների դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսում է նաև Ռուսաստանը, որի դեմ ԴԱԻՇ-ի անդամները բացահայտ պայքար են սկսել: Թուրքիան Ռուսաստանից ևս փորձում է դիվիդենտներ քաղել՝ իսլամիստների դեմ պայքարի հարցը շահարկելով:
Իսլամիստների գործունեությանը փոքրիշատե ծանոթ բանական արարածը կարող է գլխի ընկել, որ Էրդողանի այս քայլը հերթական զավեշտն է: ԻԼԻՊ-ի անդամներն այնքան պլանավորված ու «մաքուր» են աշխատում, որ հազիվ թե փորձեին ազերու ձեռքով անհաջող մահափորձ կազմակերպել: Կարելի է ենթադրել նաև, որ Թուրքիա-Ադրբեջան եղբայրների միջև «սև կատու» է անցել, որ գուցե արցախյան խնդրում տեսնելով Անկարայի չեզոքությունը, Բաքուն փորձում է ավագ եղբորը հիշեցնել իր անզորության մասին: Բայց Արցախի հարցում իր «շրջափակված» վիճակը հաշվի առնելով՝ Ադրբեջանը հազիվ թե նման ռիսկի գնար: Հետևաբար, չի բացառվում, որ ամերիկյան իր խեղկատակությունից հետո Էրդողանը փորձում է զոհի փարանջա հագնել:
Ուզում է ցույց տալ, թե իբր իսլամիստներն արդեն իրեն էլ են սպառնում, իր երկրի անվտանգությունն է վտանգված, որտեղ 1000-ավոր սիրիացի փախստականներ են հանգրվանել:
ՈՒզում է աշխարհի «աչքը խոթել», թե ինքն այնքան բարեհոգի է, որ բոլոր փախստականներին իր երկիր է ընդունում՝ Եվրոպային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին ազատելով այդ գլխացավանքից: Ու հիմա, եթե Թուրքիայի ոտքը փուշ մտնի, իսլամիստների դեմ պայքարող ճակատներից մեկը կպակասի, փախստականներն էլ կծեծեն Արևմուտքի դռները…
Մնում է հետևել, թե աշխարհին տիրելու մոլուցքով տառապող Էրդողանի այս խայծը քանի՞ պետություն կուլ կտա, կամ տարածված այս տեղեկությունը, բացի ծիծաղից, այլ վերաբերմունքի կարժանանա՞: