ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին

Արմենպրեսի տեղեկացմամբ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, դատական վճիռների կատարման վերահսկման շրջանակներում, հրապարակել է հերթական որոշումը՝ Մակուչյան և Մինասյան դեմ Ադրբեջանի գործով, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։
 
2004 թվականին, ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Բուդապեշտում, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել նաև մյուս հայ սպային՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը դատապարտվեց Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջան տեղափոխվելուց հետո նրան ներում շնորհվեց, պարգևատրվեց և տրվեցին նյութական ու պաշտոնական արտոնություններ։
 
ԵԽ Նախարարների կոմիտեն, ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը, առաջ է քաշել հետևյալ պահանջները՝
 
1. ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ 
 
2. Պահանջվել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են։ 
 
3. Կոմիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցագործությունների մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
 
4. Կրկին պահանջվել է հստակեցնել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։
 
5. Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, և նշված հանցագործությունների հանդեպ ներումներ և արտոնություններ տրամադրելու դեպքում պետք է պահպանվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։
 
6. Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։
 
7. Կոմիտեն պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի հունիսին կայանալիք նիստից առաջ ներկայացնեն մանրամասն հաշվետվություն գործով կատարված առաջընթացի մասին։
 
Անհատական միջոցների չկատարման դեպքում ԵԽ-ն նախատեսվում է ընդունել միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանին ավելի խիստ վերահսկողության ենթարկելու նպատակով։