Հակառակորդին մեղադրելը ձեռնտու է

ՀԵՏՈ՞ ԻՆՉ, ՈՐ ԱԶՆԻՎ ՉԷ

Ֆրանսիայի նախագահը նոր է ընտրվել, և այդ երկիրն արդեն հայտարարել է, թե ցանկանում է Իրանի հետ քաղաքական երկխոսություն սկսել: Հիշենք, որ Իրանի նախագահն էլ անցած շաբաթավերջին վերընտրվեց: Մինչև հիմա Արևմուտքը ձայն-ձայնի տված (ավելի ճշգրիտ՝ ձայնները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի ձայներին միացրած)՝ միաբերան դատապարտում ու պատժամիջոցների էին ենթարկում Իրանին: Ֆրանսիայի արտգործնախարարությունը, սակայն, նշել է, որ եթե Իրանի հետ երկխոսություն սկսեն՝ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման ճանապարհը գտնելու հույս կծագի:
 
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար  Ժան-Իվ Լը Դրիանն այս հարցին անդրադարձել է՝ պատասխանելով Իրանի մեկուսացման մասին Թրամփի կոչի վերաբերյալ իրեն ուղղված հարցին: 
ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում Իրանը համարել է Մերձավոր Արևելքում զինյալներին ֆինանսավորող ու աջակցող գլխավոր առանցքը և շեշտել Իրանի նկատմամբ իր երկրի կոշտ դիրքորոշումը: Այդ երկրի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին էլ սրան պատասխանել է, թե առանց Իրանի օգնության Մերձավոր Արևելքում  կայունություն հաստատելն անհնար կլինի: 
 
Ի՞նչ կա ավելի ձեռնտու, քան քաղաքական հակառակորդներիդ մեղադրես, թե միջուկային սպառնալիք են ստեղծում կամ օժանդակում ու զենք են մատակարարում ահաբեկիչներին: Մեղադրանքը հաստատելու համար հնարամիտ «մեղադրողը» կարող է հենց ինքը «մածունը գողանալ ու Համոյի վրա դնել»: (Համառ «լուրերը», թե հենց ԱՄՆ-ը, Իսրայելը կամ Թուրքիան են ահաբեկիչներին զինում ու ամեն կերպ օգնում, չեն կարող անկրակ ծուխ լինել): Իրանի երդվյալ թշնամի Իսրայելը ևս միացել է Թրամփի այս մեղադրանքին, և ուրեմն նրա նկատմամբ  վերաբերմունքը պետք է կոշտացնել:
 
Սա, իհարկե, Հայաստանի համար բացասական զարգացում է: Ֆրանսիայի վերը նշված արձագանքը շատ լավ է, եթե իհարկե՝ ամենակուլ Արևմուտքը նորից նրան չներառի իր համերաշխ իրանամերժողական շրջապտույտի մեջ ու շարունակի խաղալ ԱՄՆ-ի, Իսրայելի, մնացած երևացող ու քողարկված «շահառուների» երկրակործան խաղը: