«Իրանի դիրքորոշումն անփոփոխ է»․ Էսմայիլ Բաղայի

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, երեկ հայտնել էր, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ 
 
- Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղային։ 
 
Այդուհանդերձ, այս հայտարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել, իբր թե խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Նույն ճեպազրույցի ընթացքում իրանցի դիվանագետն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը: 
 
- Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության աճը, սակայն ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն,- նշել էր Իրանի ԱԳՆ խոսնակը:
 
Այսօր այդ առնչությամբ տեսակետ է հնչեցրել նաև պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ նշելով՝
 
- Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։
 
Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Բարեբախտաբար, նման բան չկա. իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան (այդ մասին մանրամասն տե՛ս Yerkir.am-ի հոդվածը)։
 
Սակայն արդբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան.
 
1. Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։
 
2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։
 
3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։
 
Թյուրքագետը խոստացել է առաջիկա շաբաթներին ներկայացնել այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել։