Մոսկվայում ստորագրվելիք պայմանագիրը լինելու է Իլհամ Ալիևի ձախողումը
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Իլհամ Ալիևի հարցազրույցները Հայաստանում հիմնականում առաջացնում են խուճապ, եթե ոչ անմիջական, ապա՝ լատենտ:
․․․ Իլհամ Ալիևի հարցազրույցները Հայաստանում դառնում են ոչ թե քաղաքական համակարգի արձագանքի, այլ քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա»: Ընդ որում, այս երևույթը ցավոք սրտի նոր չէ, այս երևույթը առնվազն «Ֆեյսբուքի տարիքի» է:
Դե, նա էլ այս տարիների ընթացքում հիանալի ուսումնասիրած լինելով հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական միջավայրը, պարբերաբար «պտտում» է այդ «ռուլետկան»: Այսինքն, Իլհամ Ալիևն ինչ որ իմաստով դարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական «խաղատան» այսպես ասած խաաղավար:
Իրավիճակ փոխելու համար պետք է փոխվի խաղի բնույթ: Ըստ այդմ, ներքաղաքական խաղացողները պետք է չափվեն դրանով, թե նրանք որքանով են հանրությանը առաջարկում նոր խաղ: Կարևոր չէ, թե ով կլինի առաջարկողը՝ նոր, թե հին: Կարևորը առաջարկն է:
Այ, դա, ըստ իս, իրապես կարող է անհանգստացնել Իլհամ Ալիևին՝ Հայաստանում քաղաքական խաղի բնույթի որևէ իրական փոփոխություն: Կասկած չունեմ, որ նա իր համար քաղաքական առաջնային խնդիրների շարքում դիտարկում է նաև դա թույլ չտալը, ինչի համար տեսնում է նվազագույն մի անելիք՝ «ռուլետկան» պարբերաբար պտտելը:
Սա բոլորովին այն մասին չէ, որ պետք է անտարբերության և անուշադրության մատնել Իլհամ Ալիևի հայտարարություններն ու հոխորտանքը: Պարզապես, եթե մենք խոսում ենք արդեն բուն վտանգների ու ռիսկերի մասին, ապա այդտեղ մեծ հարց է, թե ինչն է ռիսկային՝ նրա հրապարակային հոխորտանքը, թե՞՝ լռությունը: Ռիսկերի համակարգը, մոտիվներն ու այսպես ասած ծագման աղբյուրները ավելի լայն են, քան միայն Ալիեւի հայտարարությունները:
Բնականաբար, Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները առաջացնում են անհանգստություն, և՝ պետք է առաջացնեն անհանգստություն: Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ Ալիևի լռությունը պետք է անհանգստություն առաջացնի ոչ պակաս:
Այլ կերպ ասած, Ադրբեջանի հանդեպ հարաբերության կանխավարկածը պետք է լինի «աննհանգստությունը», այդ հասկացության համապարփակ իմաստով: Ընդգծեմ՝ անհանհգստությունը, ոչ թե վախը, վտանգի կանխավարկածը, ոչ թե վախը:
Միևնույն ժամանակ, ավելորդ չէ թերևս այդ հայտարարությունները դիտարկել նաև Ալիևի անհանգստության կանխավարկածով: Դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ականջի հետև գցենք այդ հոխորտանքը: Բոլորովին: Ինչպես նշեցի, Ադրբեջանի հանդեպ մեր դիրքավորումը պետք է բխի այսպես ասած վտանգի կանխավարկածից:
Միևնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել գնահատականս, որ արտահայտել եմ օդանավի աղետից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ մի շարք առումներով բավականին ծանր է Ալիևի համար: Այդ աղետից հետո Ալիևը «պերմանենտ հոխորտանքի» մեջ է, որպեսզի որևէ կերպ կառավարի ադրբեջանական հանրության կասկածները: Իսկ, որ օդանավի աղետի առնչությամբ դրանք կան, լինելու են, և լինելու են թերևս համատարած՝ ինքս համոզված եմ:
⇔ Ադրբեջանի նախագահին անհանգստացնող մեկ այլ հանգամանք է հունվարի 17-ին Իրանի նախագահի այցը Ռուսաստան, որտեղ մասնավորապես կարող է ստորագրվել ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրման դեպքում, այն ունենալու է էական նշանակություն ոչ միայն Կովկասի, այլ աշխարհաքաղաքական ամբողջ խաղատախտակի համար:
Բնականաբար, Կովկասի առնչությամբ այն կլինի Ալիևին կաշկանդող էական գործոն: Ընդգծեմ՝ խոսքը ոչ թե բացարձակության մասին, այլ՝ էականության: Այդուհանդերձ, նախ, ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը նշանակելու է, որ Ադրբեջանը չկարողացավ կատարել այն ձախողելու իր վրա դրված եվրաատլանտյան պարտավորությունը:
Եթե Մոսկվայում ստորագրվի պայմանագիրը, ապա դա լինելու է Իլհամ Ալիևի ձախողումը: 2020 թվականին նա հաջողել է Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացման «առաջադրանքի» հարցում: Այո, որքան էլ Հայաստանում տարածված «նորաձևություն» է պնդումը, որ 2020 թվականի պատերազմը ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր, այդուհանդերձ ես շարունակում եմ արտահայտել իմ այն կարծիքը, որ ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական պայմանավորվածություն էր դրա ավարտը, այլ ոչ թե սկիզբը:
Հաջորդ երեք տարին ըստ էության եղել է մի իրավիճակ, երբ ռուսները քայլ առ քայլ հետ են մղվել նաև այդ պայմանավորվածություններից:
Ալիևի ստացած նոր լայն առաջադրանքը եղել է ռուս-իրանական համաձայնագրի տապալումը: Դրա համար պետք է ռազմական գործողություն Հայաստանի նկատմամբ: Իսկ դա արդեն նույնքան կանխատեսելի չէ ռազմական հավասարակշռության առումով, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այո, զուտ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ներուժը Ալիևին թույլ է տալիս հավակնել հաղթանակի: Բայց, այստեղ արդեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ:
Եվ բանը նաև այն չէ, թե Ադրբեջանին դա թույլ չի տալիս Արևմուտքը: Չկա Արևմուտք որպես այդպիսին: Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել»են իրենց ձեռքերն ու արտոնել Ալիևին: Կան ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, որոնք ունեն հիմնավորապես տարբեր պատկերացումներ, շահեր ու խնդիրներ:
Տվյալ պարագայում, Բրիտանիան ու Ֆրանսիան թերևս բավականին անհանգստացած են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորված լինել ռուս-իրանական պայմանագրի հարցում: Հետևենք:
⇔ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ ռուս-իրանական պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել թվականի հունիս-հուլիսին, սակայն մայիսի 18-ին տեղի ունեցավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի ուղղաթիռի ողբերգությունը: Ռեյիսին ուղղաթիռով վերադառնում էր ադրբեջանա-իրանյան սահմանին կայացած Ալիև-Ռեյիսի հանդիպումից: Երեք ուղղաթիռներից՝ «եղանակային վատ պայմանների» հետևանքով խնդիրներ ունեցել և սարին բախվել էր հենց այն մեկը, որը տեղափոխում էր նախագահ Ռեյիսիին: Նաև հիշեցնեմ, որ այդ օրը իրանյան տելեգրամյան ալիքներով տեղեկատվություն հրապարակվեց, որ մայիսի 18-ի կիրակի օրը նախատեսված է եղել Իբրահիմ Ռեյիսիի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում հայ-իրանական սահմանին՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության Քաջարան-Մեղրի հատվածի առնչությամբ, որը իրականացվելու է իրանական կողմի մասնակցությամբ:
Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, նույն օրը Խուդափերինի ՀԷԿ հատվածում նախատեսված ադրբեջանա-իրանյան միջոցառման առիթով Իլհամ Ալիևը պնդել է, որ մասնակցություն լինի նախագահական մակարդակով, ինչի պատճառով իրանյան կողմը չեղարկել էր հայ-իրանական սահմանին կայացած հանդիպումը:
Կրկնեմ, դա ոչ պաշտոնական տեղեկատվություն էր, որ շրջանառվեց, սակայն հատկանշական է, որ պաշտոնապես այդ տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն նաեւ չհերքվեց՝ թե Երևանից, և թե Թեհրանից: Նշվեց, որ այդպիսի հանդիպման պայմանավորվածություն լինելու դեպքում կհաղորդվեր պատշաճ ձևով: Այդ ձևակերպմամբ պաշտոնական արձագանքը վկայում է, որ առնվազն եղել է այդպիսի հանդիպման մասին պաշտոնական խոսակցություն, որը չի հանգել վերջնական պայմանավորվածության: