Թրամփը հայտարարել է Գազան իր վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։ Մանրամասները՝ DW-ի հոդվածում։
 
«Միացյալ Նահանգներն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը ու ավելացրել՝ «մենք կտիրենք դրան, և մենք պատասխանատու կլինենք այնտեղ բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը տեղում ապամոնտաժելու համար»։
 
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կանենք դա, մենք կվերցնենք այս տարածքը, կզարգացնենք այն, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք: Սա կլինի մի բան, որով կարող է հպարտանալ ողջ Մերձավոր Արևելքը», - հավելել է Թրամփը։ Հարցին, թե ով է ապրելու այնտեղ, հանրապետականը պատասխանել է, որ Գազայի հատվածը կարող է տուն դառնալ «աշխարհի մարդկանց» և «Մերձավոր Արևելքի Ռիվիերա»:
 
Թրամփի կարծիքով՝ իրենց երկարաժամկետ տիրապետումը մեծ կայունություն կբերի Մերձավոր Արևելքի այդ հատվածին։ Հարցին, թե դա նշանակում է ամերիկյան զորքեր ուղարկել Գազա, Թրամփը պատասխանել է. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:
 
«Ես սիրում եմ Իսրայելը, ես կգնամ այնտեղ, կգնամ Գազա, կգնամ Սաուդյան Արաբիա և այլ վայրեր Մերձավոր Արևելքում»,- խոստացել է Սպիտակ տան ղեկավարը։
 
Նեթանյահուն դրական է ընդունել այս խոսքերը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը «մտածում է ոչ ստանդարտ՝ թարմ գաղափարներով» և «ցուցադրում է ավանդական մտածողությունը ոչնչացնելու պատրաստակամություն»։
 
Դեռ հունվարի վերջին Թրամփը արաբական երկրներին կոչ արեց ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտիից դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»:
 
«Չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան», - ասել է՝ նշելով, որ ներկայումս Գազայում բնակվել չի կարելի։ - «Կարծում եմ, որ մեզ այլ տեղ է պետք: Կարծում եմ, որ այն պետք է լինի այնպիսի վայր, որը մարդկանց ուրախացնի»:
 
Աղբյուր՝ Փաստինֆո