Փոստատար աղավնին՝ գրաստի դերում

Աղավնու այս տեսակը առավելապես մեծ ծառայություններ է մատուցել պատերազմական իրավիճակներում: Տեղեկություններ են պահպանվել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կրակագծերի վրայով տեղեկությունների փոխանցման մասին, իսկ ճապոնացիներն այնպես են վարժեցրել, որ փոստատար աղավնիները գիշերվա քողի տակ են «աշխատել»՝ այդպիսով զերծ մնալով նշանառուների կրակոցներից: 
 
Իսկ ահա 21-րդ դարի մարդն ավելի հեռուն է գնացել: Աղավնու ոտքին կապած թղթի կտորն ի՞նչ է որ: Մեր դարում հնարամիտներն աղավնուն գրաստի են վերածել և նրան բեռնել… թմրանյութերով:  Պատերազմական թոհուբոհի մեջ ապրող Իրաքից աղավնին մաքսակետերի մոտով թռել է Քուվեյթ, որտեղ էլ նրան «հարկադրական վայրէջքի» են պարտադրել: Տեղեկությունը փոխանցող «Ալ Արաբիան» նշել է, թե թմրանյութերի վաճառքով զբաղվողները թռչնի մեջքին փոքրիկ ուսապարկ են հարմարեցրել, որի մեջ 178 հաբ են տեղավորել:  
 
Բնականաբար՝ այսօրինակ փորձեր էլի արված կլինեն, սակայն այս մեկն այսօր կայծակնային արագությամբ ամբողջ աշխարհի սեփականությունն է դարձել:
Նշվում է, որ մաքսային վարչության աշխատողները հետևել են աղավնիներին և կարողացել են բռնել: Թերևս սա հնարավորություն է տալիս նրան հետ ուղարկել և գտնել հանցավորների որջը:
 
Ամեն դեպքում հնարամիտ թմրավաճառներն իրենց ապահովագրել են մաքսատան սարքերի միջոցով հայտնաբերվելու վտանգից ու նաև մարդու ձեռքը մի նոր վտանգավոր զենք տվել: Որովհետև եթե մի թռչունի ստիպել են թմրանյութ տեղափոխել, մեկ ուրիշի էլ կարող են օգտագործել, ասենք, որոշ տեսակի պայթուցիկներ կամ այլ վտանգավոր նյութեր «հասցեատերերին» հասցնելու նպատակով: Չէ՞ որ այս դեպքում իրենց զոհն ընդամենը թռչուն է լինելու: