Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն բերման է ենթարկվել

Ստամբուլում սկսված քաղաքական հուզումների առնչությամբ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կեցավայր ոստիկաններ են ներխուժել ու նրան բերման ենթարկել։ Սպասվում էր, որ Իմամօղլուն երկրի նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն կդառնա։
 
Արմենպրեսի տեղեկացմամբ՝ առավոտյան նրան բերման ենթարկելուց առաջ Ստամբուլի համալսարանի ղեկավարությունը որոշել էր չեղարկել Իմամօղլուի և ևս 28 անձանց դիպլոմները՝ «անվավերություն» և «բացահայտ սխալ» պատճառաբանություններով։ Համալսարանի կառավարման խորհուրդը հայտարարել էր, որ Իմամօղլուի դիպլոմը չեղարկվել է։ Կիպրոսի համալսարանից Ստամբուլի համալսարան տեղափոխությունը, որը ժամանակին ընդունված  կարգ է եղել, այսօր համարվում է անվավեր։  
 
Վիճահարույց կերպով Իմամօղլուի դիպլոմի վերաբերյալ որոշումը կայացվեց ընդամենը օրեր առաջ այն բանից հետո, երբ սպասվում էր, որ նա մարտի 23-ին կայանալիք ԺՀԿ-ի կուսակցական ժողովում պաշտոնապես կդառնա նախագահության թեկնածու։ Շատերը դա դիտարկում են որպես Էրդողանի կողմից  Իմամօղլուի առաջադրումը խոչընդոտելու փորձ։ 35 տարի անց Իմամօղլուի դիպլոմի չեղարկումը քաղաքական հակահարված է համարվում, քանի որ Թուրքիայում համալսարանական կրթության ավարտական վկայականը նախագահ դառնալու պայմաններից մեկն է։ Բացահայտ քաղաքական այս քայլը նաև ապօրինի է, քանի որ համալսարանական խորհուրդը նման որոշման իրավունք չունի. քաղաքագետների կարծիքով՝ սա ճնշումների ներքո կայացված որոշում է։ 
 
Իմամօղլուի և ևս 105 հոգու բերման ենթարկվելն առավոտվա վաղ ժամերից մեծ բողոքի ալիք է առաջացրել երկրում։ Այս պահի դրությամբ դժվար հասանելի են X, Youtube, Instagram համացանցային հարթակները, փակվել է Թաքսիմի հրապարակում գտնվող մետրոյի կայարանը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով Էքրեմ Իմամօղլուն որակվել է որպես «հանցավոր կազմակերպության առաջնորդ»։ Իմամօղլուն 2019 թվականին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր բախվել է բազմաթիվ իրավական գործերի, որոնցով նրան փորձել են քաղաքականությունից հեռացնել։ Դրանց թվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, մրցույթի կեղծման, կաշառակերության և «ահաբեկչության դեմ պայքարող» պետական պաշտոնյային սպառնալու մեղադրանքները, որոնք առաջադրվել են կառավարական մարմինների կողմից։ Նա նախկինում հայտարարել էր, որ Էրդողանը ցանկանում է իրեն բանտարկել մինչև 25 տարի ժամկետով։
 
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ տելեգրամյան իր ալիքում մանրամասնել է, որ քաղաքապետ Իմամօղլուից բացի, ձերբակալել են ևս 100 հոգու, որոնց թվում են իր ընտրական արշավի առանցքային պաշտոնյաները․
 
- Էրդողանին գլխավոր մրցակից համարվող քաղաքապետը մեղադրվում է երկու գործով` կոռուպցիա և ահաբեկչություն:
 
Գլխավոր ընդդիմադիր ՀԺԿ կուսակցության ղեկավար Օ. Օզելը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում, հեղաշրջում է ու եթե «սա չկանգնացվի, ապա երկրում երբեք այլևս ընտրություններ չեն լինի»: Ներքաղաքական կյանքը եռում է,- նշել է Գեղամյանը։
 
Լուսանկարը՝ ermenihaber.am-ի