Ի սատարումն սուլթանի

Երևում է՝ Վաշինգտոնի փորձն արդյունք է տվել: Հիմա արդեն Էրդողանն աշխարհում որ երկիրն էլ այցելի, իր անդորրը խանգարող չի լինի: Սուլթանն է´լ ինչպե՞ս է լինում` բոլորին հպատակեցրել է: 
 

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Բելգիա է ժամանել նաև Էրդողանը: Նա իջևանել է Ստեֆանի հրապարակում գտնվող հյուրանոցում, իսկ Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերն արգելել է այնտեղ որևէ տեսակի զանգվածային գործողություն իրականացնել` նկատի ունենալով մայիսի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը, երբ Էրդողանի անվտանգության աշխատողներն առնվազն 9 մարդու վնասվածքներ են հասցրել:

Կատարվածից հետո թվում էր` Թուրքիայի նախագահի ժամանման առթիվ ձեռնակվող գործողությունը կարող էր բացառապաս բողոքի բնույթ կրել: Մինչդեռ փաստորեն ճիշտ հակառակն է: Պարզվում է՝ Թուրքիայի նախագահի հերոսությամբ ոգևորված որոշ «ֆեյսբուքցիներ» տեղի թուրքական համայնքին կոչ են արել ցույցի դուրս գալ և Էրդողանին սատարել, որին էլ 700 թուրք արձագանքել է: Հենց այդ սատարող հավաքն է, որ Մայերն արգելել է:

Անպատժելիության չարիքների մասին այնքան են խոսել, թվում է` այլևս ասելիք չի մնացել: Հենց այդ անպատժելիությունը չէ՞, որ «Ֆեյսբուքում» համախմբել է նորօրյա սուլթանով հիացած ու ոգեշնչված զանգվածին:

«Ընկնեմ` ոտքերդ համբուրեմ, բարձրանամ` գլուխդ կտրեմ» խոսքը մի՞թե հենց թուրքերի բերանում չի հնչում: Մորթապաշտների այդ ամբոխին ի՞նչ է հարկավոր` ոտքերը համբուրելով՝ ոտքի կանգնել: Հիմա նրանք ոտքի են կանգնել ու անպատժելիության թրով պարգևատրվել: Բայց նրանց պատժելու հնարավորություն ունեցող ու դրանից օգտվել չցանկացող «հերոսները» գիտե՞ն արդյոք, որ իրենց գլուխներն էլ են այդ թրի սպառնալիքի տակ. դա միայն ժանանակի հարց է:

Կարծես թե այս անգամ Բրյուսելի իշխանություններն իզուր չեն ցույցն արգելել: Հնարավոր է՝ Էրդողանի ավազակները (ինչպես նրանց կոչել է ԱՄՆ սենատորներից մեկը) իներցիայի ուժով դուրս գային ու ծեծուջարդը նրանց գլխին ջարդեին: Չէ՞ որ նրանց ձեռքերը դրա համար քոր են գալիս: Հետաքրքիր է, թե դրանից հետո սատարողները ինչ հնչերանգով «Էրդողան» կկանչեին: