Թրամփը Մասկին «խելագար» կոչեց
ԻՆՉ ՉԵՆ ԿԻՍԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Աշխարհի ամենահարուստ մարդն ու ԱՄՆ նախագահը համախոհներից կարճ ժամանակում վերածվել են հակառակորդների։ Թրամփ-Մասկ հակամարտությունն օնլայն տիրույթում է՝ փոխադարձ վիրավորանքներով ու քննադատությամբ։
- Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, իսկ դեմոկրատները կունենային վերահսկողություն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Այսպիսի անշնորհակալություն,- Իլոն Մասկը երեկ ԱՄՆ նախագահի մասին X-ի իր էջում այսպիսի գրառում արեց։
Բանավեճը կառավարության ներկայացրած նոր հարկային օրինագծի շուրջ է։
- Զզվելի է,- ասել էր Մասկը նախագծի մասին և կոչ արել չեղարկել այն։
Քարոզարշավի ժամանակ հրաշալի ապագայի մասին կանխատեսումներ անող Մասկը դժվար թե պատկերացներ, որ իր աջակցությամբ նախագահ դարձած Թրամփն ամիսներ անց սպառնալու է կրճատել նրա ընկերությունների հետ կնքված միլիարդավոր դոլարների պետական պայմանագրերը։ Առցանց տիրույթում Թրամփին հուժկու հակահարված տալու ձգտումով Մասկը, իր ձևակերպմամբ, «ռումբ» նետեց դաշտ․ նա հայտարարեց, թե մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ ֆայլերը չեն հրապարակվել, քանի որ դրանցում նշված է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։
- Մասկը խելագարվել է,- նախկին աջակցի գրառումներին այսպես է արձագանքել Թրամփը։
ԱՄՆ նախագահի քննադատությունը Մասկի վրա թանկ նստեց բառի բուն իմաստով․ Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում գրանցեցին 14,3%-ով, շուկայական արժեքը նվազեց շուրջ 150 միլիարդ դոլարով։ Սա ընկերության պատմության մեջ շուկայական արժեքի ամենամեծ մեկօրյա անկումն է։
Ժամանակին Մասկը Թրամփի, թերևս, ամենամեծ աջակիցն էր․ միլիարդատերը 270 միլիոն դոլար ծախսեց քարոզարշավի ընթացքում, Թրամփի ընտրվելուց հետո էլ դարձավ նրա աջ ձեռքը։ ԱՄՆ նախագահը նրան փոխհատուցեց բարձր պաշտոն տալով՝ նշանակելով հատուկ նրա համար ստեղծված Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար։ Դեպարտամենտը ստեղծվել է կառավարության ծախսերը կրճատելու համար։ Թրամփն անում էր այն, ինչ ասում էր Մասկը։ Հենց նրա նախաձեռնությամբ լուծարվեց USAID-ն, կրճատվեցին հազարավոր աշխատատեղեր, սահմանափակվեցին այլ երկրներին ամերիկյան օգնության ծավալները։ Թրամփի խոսքով՝ Մասկը «հյուծվում էր» որպես կառավարության հատուկ աշխատակից և DOGE-ի կարևորագույն դեմք։ Ի վերջո, շուրջ 1 շաբաթ առաջ Մասկը թողեց պաշտոնը՝ որոշելով զբաղվել սեփական ընկերությունների հարցերով։
Ի՞նչ հանգուցալուծում կստանա Թրամփի և Մասկի միջև առցանց հակամարտությունը, որը ծավալվում է հենց նրանց սեփական սոցիալական ցանցերում․ Մասկինը՝ X-ում, Թրամփինը՝ Truth social-ում։ Ամերիկյան պարբերականները գրում են, որ միլիարդատերը պատրաստ է «մինչև վերջ գնալ» և նույնիսկ «աջակցել դեմոկրատներին»։
Գրառումներից մեկում էլ Մասկը հանդես է եկել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու առաջարկի օգտին։ Մինչ այդ, վերջին հաշվարկներով՝ մեկօրյա հեռակա «փոխհրաձգության» ընթացքում Մասկի կրած ֆինանսական կորուստները կազմում են 34 մլրդ դոլար, Թրամփինը՝ 1 մլրդ դոլար։
Անի ԹԱՄՐԱԶՅԱՆ
Աղբյուր՝ factor.am