«Իսրայելի հաջողությունների հիմքը Իրանի ներսում Իսրայելին ծառայող գործակալական ցանցն է»․ Արա ՊՈՂՈՍՅԱՆ
- Իրանի դեմ ռազմական արշավի ամբողջ ծանր հարվածները հասցվել են հենց ներսից՝ տեղում գործող խմբերի միջոցով։
Այնպես որ, Իրանը իսկապես կարիք ունի լրջագույն ներքին աշխատանքների, - համոզմունք է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը։
- Երեկվա իրադարձությունները եթե ամփոփենք, ապա պարտադիր պետք է խոսել Իրանի անվտանգային համակարգի հիմնական բացի՝ ներքին գործակալական ցանցի առկայության մասին, որը գլոբալ խնդիր է Իրանի ամբողջ անվտանգային ճարտարապետության համար։
Մյուսը՝ Ադրբեջանի հավակնություններն են հյուսիսային Իրանի նկատմամբ, որը հովանավորվում է Իսրայելի կողմից։ Ի վերջո` Ադրբեջան-Իսրայել համագործակցության մեխը հենց փոխադարձ շահն է` «տարածքներ Ադրբեջանին, բազա-հենակետեր Իսրայելին» սկզբունքով։
Ինչպես նաև՝ ներքին գործակալական շղթան, որը հիմնականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով կամ գործակցությամբ է կառուցվել։

- Եթե Իրանի վրա Իսրայելի հարձակումները վերլուծելու լինենք, ապա կտեսնենք մի հետևողական գիծ՝ Իսրայելի հաջողությունների հիմքը Իրանի ներսում Իսրայելին ծառայող գործակալական ցանցն է։
Դեռ նախորդ հարձակումների ժամանակ ակնհայտ էր, որ Իրանում կան Իսրայելի համար ծառայող լրտեսական և դիվերսիոն խմբեր։ Սակայն ցավոք սրտի, Իրանը փաստորեն չկարողացավ լուծել ներքին անվտանգության այս ամենակարևոր բաղադրիչը։
Ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի տեղը և դերը իսրայելական ռազմավարության մեջ։ Իրանը որքան էլ փորձի սիրաշահել, Իսրայելի հենակետը հենց Ադրբեջանն է, և գոտկատեղից ներքև հարվածը հենց Ադրբեջանի կողմից է հասցվելու։