Էրդողանի սիրտը «միջանցք» է ուզում…

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Կարծես թե Իրանը դժվար պահին ստիպված կլինի ևս մեկ փորձություն անցնել։ Օրեր առաջ ՖԲ-ում հրապարակած մի գրառմանս հետ կապված շատ հարցեր կային, ուստի կարծում եմ՝ արժե անդրադառնալ այս թեմային։
 
Իսկ խնդիրը հետևյալն է. նորություն չէ, որ Թուրքիան ժամանակ չի կորցնում որևէ հարցի վրա։ Իսկ այն, որ վերջին օրերին նկատվում է այս երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի աննախադեպ աշխուժությունը Հարավային Կովկասի խնդիրների ուղղությամբ, շատ բան է ասում մեր տարածաշրջանում միջազգային գործընթացների արագ զարգացման խնդրի մասին։
 
2025թ. մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Թուրքիան անմիջապես սկսեց իրագործել Հարավային Կովկասում քաղաքական տարածքի «ձևավորման» ծրագիրը։ Ըստ երևույթին, այս ծրագիրը Ռուսաստանի հետ նախապես քննարկվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցից առաջ, քանի որ շատ շուտ՝ մայիսի 26-ին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հրավիրվեց Մոսկվա, որտեղ կողմերը քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցության համատեղ կարգավորման և այլ խնդիրների թեման։
 
Ուշագրավ էին Ֆիդանի խոսքերը Մոսկվայում, որ Թուրքիան խելամիտ է համարում նախագահ Ալիևի վարած քաղաքականությունը և աջակցում է դրան։ Այսինքն՝ հայտնի դարձավ, թե Թուրքիան ինչ պայմաններում է զբաղվելու Հարավային Կովկասի հարցերով։ Իսկ Լավրովի խոսքերը հստակ ակնարկում էին բոլոր իրադարձությունների պարտադիր միասնական լինելու մասին։
 
Թե ով էր ավելի հավանական նախաձեռնելու հարավկովկասյան գոտում կարգավորման գործընթացի արագացումը՝ կարելի է միայն ենթադրել։ Սակայն անմիջապես սկսվեց Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվությունը։ Մայիսի 26-ին նախագահներ Ալիևը և Էրդողանը ժամանեցին Լաչին՝ նոր օդանավակայանի բացման նպատակով։ Լաչին էր ժամանել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը պետք է բոլորին ցույց տար Հարավային Կովկասի հարցերի շուրջ համագործակցության իրական ձևաչափը։
 
Ամենայն հավանականությամբ՝ դա առաջին հերթին վերաբերում էր Իրանին ու Հնդկաստանին, որոնց դիրքորոշումները Հայաստանի տարածքային ու հաղորդակցային խնդիրների վերաբերյալ ոչ մի կերպ չեն թաքցվում։ Պակիստանն այստեղ թուրքերին ճիշտ ժամանակին էր պետք։ Իրանի տարածքով Հայաստանից Հնդկաստան կապի կայուն գործունեության հեռանկարը չի կարող չանհանգստացնել բոլոր թուրքերին և պակիստանցիներին։ Այս թեմայով ինչ-որ պահի պետք է լուրջ խոսակցություն սկսվեր։
 
Վերջին հանգամանքն անմիջապես ի հայտ եկավ՝ Էրդողանը Լաչին այցելելուց հետո կոնկրետ հայտարարություն է արել, որն, ըստ էության, կոչ էր Իրանի ղեկավարությանը: Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն ցամաքային ճանապարհ է, այլև Թուրքիայի տարածքից դեպի թյուրքական աշխարհ ինտեգրման նոր գիծ։ «Այս միջանցքի բացումը ամենակարճ ժամանակում կուժեղացնի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները Հարավային Կովկասում: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանի խաղաղությանը և զարգացմանը»,- նման հանդիսավորությամբ հայտարարեց Էրդողանը: Ճիշտ այնպես, ինչպես կվարվեր «միակողմանի ֆուտբոլային խաղում»:
 
Հայաստանով անցնող ճանապարհի կարևորության նման ձևակերպմամբ Թուրքիայի նախագահը վերջնականապես փարատեց ցանկացած թյուրիմացություն Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր ջանքերը կուտակելու իրական նպատակի շուրջ։ Հատկանշական է, որ Էրդողանն առաջարկում է Իրանին չանհանգստանալ Հայաստանի վերաբերյալ իր առաջարկի անվտանգության համար։ Նրա խոսքով՝ «Հայաստանի հետ ունենք զգույշ բնականոնացման գործընթաց, մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից եւ բնականոնացումից, հետևաբար, անհանգստության դույզն-ինչ պատճառ չկա»:
 
Այսինքն՝ Իրանին առաջարկել են համաձայնել Սյունիքով կապի ապաշրջափակման ադրբեջանական հայեցակարգի իրականացմանը՝ այն Հայաստանի իրավասությունից հանելուն։ Այս կոչն արդեն վերջնագիր է թվում, քանի որ Թուրքիայի ղեկավարն արդեն հնարավորություն է ունեցել հայտարարելու, որ Հայաստանի տարածքով հաղորդակցության թեմայի շուրջ թուրք-ադրբեջանական մոտեցման իրականացման հիմնական խոչընդոտը Իրանն է։
 
Դժվար է ասել՝ շահագրգիռ կողմերից որևէ մեկը Հայաստանի ղեկավարության հետ քննարկե՞լ է դրանց ակտիվացման հարցը։ Չնայած հազիվ թե Լավրովն իր այցի ընթացքում թաքցներ Մեղրիի ճանապարհի ապաշրջափակմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու մտադրությունները։
 
Այսպես թե այնպես՝ ստեղծված իրավիճակում ամենամեծ նշանակությունն ունի Իրանի դիրքորոշումը։ Հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի այս հարևանը միջուկային հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններով պայմանավորված, կարելի է հասկանալ, թե այս պահին Թուրքիայի նախագահն ինչ լրացուցիչ բեռ է դրել այս երկրի ղեկավարների ուսերին։ Ստացվում է, որ Հայաստանին մնում է միայն սպասել այս վերջին թնջուկի ելքին։
 
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ