Խավիարն ու նավթը՝ շողոքորթությամբ համեմված

ՆՈՐ ԽՈՍՏՈ՞ՒՄ ԵՆ ՏՎԵԼ

Խավիարն ու նավթը՝ շողոքորթությամբ համեմված
 
 
Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու «մեսիջները»  կարծես թե անհանգստացնում են  մեր ոխակալ հարևանին: Ու ահա շողոքորթության տոպրակը բացած՝ նախագահ Իլհամն ասել է, թե գոհ է ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունից, քանի որ նա հայտարարել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի ժամանակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ոտնահարման  մասին քննադատությունները քիչ չեն եղել: Ու հիմա, երբ Թրամփը կարծես թե կենտրոնացել է  միայն իր երկրի  ներքին խնդիրների, Սիրիայի հակամարտության վրա, ժամանակ չունի Բաքվի համար, և Ալիևը կարծում է, թե կարող է անել այն, ինչ ուզում է:
 
Ադրբեջանի նախագահի  այս խոսքը երկու դիտանկյունից կարող ենք մեկնաբանել:  Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել էր, թե Արցախի խնդրում Վաշինգտոնի  աշխուժության մեծացման անհրաժեշտություն կա: Թե ինչ նկատի ունի Վաշինգտոնի աշխուժության  մեծացում ասելով՝ Հոգլանդը չի մանրամասնել: Բայց գուցե նա ու Ալիևն իրար ականջի ավելին  են փսփսացել՝ հույս տալով Իլհամին: Չմոռանանք, որ 2016-ի  ապրիլյան քառօրյա պատերազմի  պատճառն, ըստ  վերլուծաբանների, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի այն հայտարարության արդյունք էր, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մաս է: Միգուցե ամերիկացի փոխնախագահը  նման մի խոստում էլ հիմա՞ է տվել: 
 
Բաքվի ղեկավարի  մյուս անհանգստությունը, հավանաբար, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունն էր՝ էներգետիկ ոլորտում 8 մլն դոլարի հեռանկարի մասին: Սրան զուգահեռ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը վերջերս ասել էր, որ ամերիկացիները հայկական առաջնագծի համար տրամադրել են հետախուզական խորքային հնարավորությամբ սարքավորումներ, որոնք դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում: 
 
Կկարողանա՞ Ալիևը  Հայաստանը դուրս մղել մրցակցությունից և դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի համար վստահելի գործընկեր: Չբացառենք: Ու հենց այդ նկատառումով էլ ընդգծենք՝ Հայաստանը չպետք է բաց թողնի այս հնարավորությունը և թույլ չտա, որ Ադրբեջանն մեզ անհետացնի Վաշինգտոնի տեսադաշտից: