Ո՞րն է լինելու Իրանի պատասխանը

Երեկ երեկոյան բախում է եղել Իրանի զինվորականների և նրա տարածքում գործող «Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցության ուժերի միջև: Թուրքական լրտվամիջոցները հաղորդել են, որ իրանցի 2 զինվոր զոհվել է, վիրավորվել է 7 հոգի: Վայրը, որտեղ բախումը տեղի է ունեցել, հարել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգին:

Միջադեպին արձագանքելով՝ Իրանի ոստիկանության ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Քասիմ Ռզային ասել է, թե դրա մեղավորը Թուրքիան է: Նա խոստացել է այդ գործողություններին վճռական պատասխան տալ:

Հայտնի է, որ «Քուրդեստանի ազատ կյանք» կուսակցությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» իրանական թևն է: Նշվում է, որ Իրանի անվտանգության ծառայությունների և «ՔԱԿ»-ի միջև վաղուց բախումներ չէին եղել:

Ընդհանրապես Իրանի միջազգային արձագանքները գնահատող վերլուծաբանները նշում են, թե այնտեղ զգացմունքային հայտարարություններ չեն արվում, սակայն դրվում են հստակ նպատակներ և դրան հասնելու համար նպատակասլաց քայլերով առաջ գնում: Այնպես որ՝ իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը դժվար է հուզական արձագանք համարել: Թուրքիան բացահայտորեն հայտարարում է, որ դեմ է քրդական ինքնավարությանը: Սակայն, ըստ էության, դրան խիստ դեմ է նաև Իրանը, և դա թույլ չտալու նպատակով վաղուց գործունեություն է ծավալում: 

Թուրքիան, իհարկե, միշտ էլ կեղտոտ խաղեր է խաղում: Այժմ էլ, երբ կարծես սուննիական աշխարհը (իսկ Թուրքիան, ինչպես նաև արաբները, սուննի մահմեդականներ են) դեմ է դուրս գալիս շիաական Իրանին (Թրամփի տարածաշրջանային այցի շեշտադրումներից մեկը), այդ կեղտոտ խաղերի համար նոր դռներ են բացվում:

Տեսնենք՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի «վճռական պատասխանը»: Որովհետև բոլորը գիտեն, թե անպատիժ մնացած Թուրքիան ինչերի է ընդունակ: