«Մենք պետք է կառուցենք Պաղեստինի Պետությունը․ այլընտրանք չկա»

Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ դառնալով Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։
 
Այս որոշման մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
 
- Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի Պետությունը։
 
Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։
 
Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է,- գրել է Մակրոնը։
 
Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։
 
- Եվ վերջապես, մենք պետք է կառուցենք Պաղեստինի Պետությունը, երաշխավորենք դրա կենսունակությունը և ապահովենք, որ իր ապառազմականացումն ընդունելով և Իսրայելը լիովին ճանաչելով՝ այն կնպաստի տարածաշրջանում բոլորի անվտանգությանը։
Այլընտրանք չկա,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
 
Մակրոնն իր գրառմանը կցել է նամակ՝ ուղղված Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին,՝ հաստատելով իր որոշումը։
 
Պաղեստինի ինքնավարության փոխնախագահ Հուսեյն ալ-Շեյխը ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։
 
- Այս դիրքորոշումն արտացոլում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և աջակցությունը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և մեր անկախ պետության ստեղծմանը,- մեջբերել է նրա խոսքը AFP լրատվական գործակալությունը։
 
ՀԱՄԱՍ-ը նույնպես հայտարարել է, որ այս որոշումը «դրական քայլ է ճիշտ ուղղությամբ»։
 
Ներկայում Պաղեստինի Պետությունը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան։
 
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ. հունիսին։
 
Աղբյուր՝ Արմենպրես