Ադրբեջանին նո՞ր եք ճանաչում

Աշխարհն ու Վրաստանն այսօր ցնցված են Ադրբեջանի պահվածքից: Վրաստանում ըստ էության քաղաքական ապաստան գտած լրագրող Աֆղան Մուխթարլիին ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ առևանգել են և բռնի տեղափոխել Ադրբեջան: Այնտեղ նրան մեղադրում են ապօրինի սահմանազատման և մաքսանենգության, հիմա էլ` բռնության կիրառմամբ սահմանապահին դիմադրություն ցույց տալու համար:

Հարցին անդրադարձել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը: Նա Վրաստանին կոչ է արել անկախ և արդյունավետ կերպով հետաքննել միջադեպը, իսկ Ադրբեջանի իշխանություններին՝ որ լրագրողին անհապաղ ազատ արձակեն և ապահովեն նրա իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև կտտանքներից ու դաժան վարվեցողությունից: Նաև նշել է, թե Մուխթարլիի փաստաբանը հաղորդել է, որ նրա գրպանը գումար են դրել ու հետը դաժան վարվել:

Այս առիիթով նույնիսկ Վրաստանի նախագահն է արտահայտվել և կատարվածն անընդունելի համարել:

Մուխթարլիի բախտը կբերի՞, և զերծ կմնա՞ կտտանքներից ու դաժան վերաբերմունքից: Այս օրերին Ադրբեջանի յոթ կողպեքով փակված լրատվական դաշտից տեղեկություններ են սպրդում, թե իբր հայկական լրտեսական ցանցի մեջ նեգրավված զինվորականներին դաժան մահապատիժների են ենթարկում ու հետապնդում են նրանց ընտանիքների անդամներին:

Իսկ միջազգային հանրություն կոչվածը, ի դեմս Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի կամ վրացի մանրումեծ պաշտոնյաների, նոր է հանկարծ աչքերը բացել ու նկատել, որ Ադրբեջանն ընդունակ է իրեն դուր չեկած մարդկանց առևանգել, կացնահարել, դատաստան տեսնել:

Վրաստանը, որ արդեն համարյա թուրքական աշխարհի բաղադրիչ է ընկալվում, ինչո՞ւ է զարմանում, որ իր հարազատ Ադրբեջանում նման բաներ են կատարվում: