ՄԱԿ-ը կարծես թե լիովին ձախողվել է

ՎԱՂՈՒՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վերջին ժամանակներում ընդհանրապես ո՞վ է ՄԱԿ-ը որպես ինքնուրույն, անկախ կառույց ընկալում: Այնպիսի տպավորություն է, թե նա ԱՄՆ-ի ու նրա քաղաքական մանկլավիկների կցորդն է: Այնպես որ, գուցե Գլխավոր քարտուղարին այդ դերն արդեն չի բավարարում, դրա համար էլ ասել է, թե հարկավոր է այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ կազմակերպությունն ավելի արդյունավետ գործի: Իսկ որ արդյունավետ չի գործում` վկան մոլորակի պատերազմական թեժ օջախներն են ու չթուլացող լարվածությունն են:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կազմակերպությունը բարեփոխել:

Երբ 20-րդ դարում մարդկությունը հասկացավ, որ տարբեր արհավիրքների դեմն առնելու համար միավորվել է հարկավոր, կազմակերպություն ստեղծվեց, որն այսօր կոչվում է Միավորված ազգերի կազմակերպություն: Այժմ այն բազմաթիվ գործառույթներ միավորող մի հսկա կառույց է, որն իր վեց հիմնական մարմինների միջոցով ուշադրության կենտրոնում է պահում աշխարհում կատարվող բազմաթիվ գործընթացներ, վճիռներ է կայացնում, գնահատականներ տալիս… 

Ազգերի լիգայի փոխարեն 1945թ. ստեղծված ՄԱԿ-ը, որի նպատակը նախ և առաջ պատերազմները կանխելն էր, կարծես թե լիովին ձախողվել է: Օրինակ, խորհրդում պատերազմի հրձիգ Ադրբեջանը դրա անվտանգության խորհրդում կարող է աֆրիկյան մուսուլմանական երկրների թվաքանակի հաշվին ի վնաս Հայաստանի բանաձևեր ընդունել տալ, իսկ ՄԱԿ-ը թութակի նման կկրկնի, թե Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Իսկ թե այդ տարածքը ինչպես է հայտնվել Ադրբեջանի կազմում, կամ ի՞նչ ասել է Ադրբեջան պետություն` իրենց բնավ չի հետաքրքրում:

Նույն կերպ ՄԱԿ-ի մշակութային մարմին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է թուրքական ու ադրբեջանական ճանաչել արժեքներ, որոնց հետ նրանք վերջերս ընդամենը առնչվել են՝ անտեսելով դրանք ստեղծող ու հազարամյակներ շարունակ կիրառող, տարածող ազգերի ավանդը: Այսպես է ՄԱԿ-ն իրականացնում աշխարհի անարդարությունները կանխելու իր առաքելությունը: