Եվրոպային գուցե զառամա՞խտն է ճարակել

Ահաբեկչությունը դարձավ նորասկիզբ 21-րդ դարի բնորոշ գիծը, իսկ հակաահաբեկչական պայքարը աշխարհի հզորներին «համախմբեց» այդ չարիքի դեմն առնելու գաղափարի շուրջը: Մեր օրերում արդեն կարծես ջնջվել է ահաբեկչի ու հակաահաբեկչականի սահմանը, պղտոր ջրերում այնքան տիղմ է կուտակվել, որ ոչ ոք չի կարողանում անմեղին անմեղ ասել, մեղավորին՝ մեղավոր:
Իսլամական պետություն կոչվող ահաբեկիչներից ամենաշատը տուժած երկրի՝ Սիրիայի նախագահը խոսել է այն մասին, որ վերջին վեց տարում իր երկրում հայտնված ամենադաժան ու ամենահայտնի ահաբեկիչները Եվրոպայից են եկել: Սիրիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Բաշար ալ-Ասադը ըստ էության Եվրոպային մեղադրել է ահաբեկչություն տարածելու համար: Նա ասել է, որ ալ-Քայիդայի, Իսլամական պետության, Ան-Նուսրայի ամենադաժան առաջնորդներից շատերը այնտեղից են սերում: Ասադը նշել է, որ թեև ահաբեկիչների շարքերում արաբական աշխարհից շատ մարդիկ կան, բայց նրանց պարագլուխները եվրոպացիներն են: 
Սիրիայի ղեկավարի ասածները, ինչ խոսք, անհիմն մեղադրանքներ չեն: Որքան էլ այնտեղ կատարվածների մանրամասները մշուշոտ են ներկայացվում ու մի տեսակ կարծես դաժանություններին ու անմարդկային արարքներին մարդու միտքը վարժեցնելով, այնտեղ գործող եվրոպաբնակների մասին լուրերը տարածվում են: Իսկ բումերանգի օրենքը գործում է անխափան՝ միջին արևելքից փախստական դառնալով՝ այդ ահաբեկչությունների զոհերը ահաբեկիչներ են դառնում նույն Եվրոպայում: Երևում է՝ ծերուկ Եվրոպան արդեն այնքան է զառամել, որ զառամախտով տառապողների նման զրկվել է տրամաբանելու կարողությունից: