Սահարայի անապատացումը՝ մարդու գործունեության արդյունք

Սեուլի համալսարանից մի երկրաբան՝ Դեյվիդ Ռայթը, ձեռնամուխ է եղել աշխարհի ամենաընդարձակ անապատի՝ Սահարայի առաջացման գաղտնիքը բացահայտելուն: Նա եկել է այն եզրակացության, որ դրա պատճառը կարող էր մարդը լինել:

Հետազոտության տվյալները նրան հուշել են, որ մինչև այդ հսկայական տարածքի ամայացումը մարդիկ այնտեղ անասնապահությամբ են զբաղվել: Իր հետազոտությունների վերաբերյալ Ռայթը հոդված է հրապարակել «Frontiers in Earth Science» հանդեսում: Գիտնականը իր ստացած տվյալները վերլուծելով՝ որոշակի համեմատություններ է անցկացրել: Նա նկատել է, որ մոտավորապես ութ հազար տարի առաջ Նեղոս գետին հարող տարածքներում հայտնվել են կենդանիներ ընտելացրած առաջին ցեղախմբերը, և հենց այդ ժամանավանից էլ այնտեղի բնապահպանական միջավայրն սկսել է փոխվել: Հետազոտողի կարծիքով՝ ընտանի կենդանիներ պահելու հետևանքը եղել է տեղանքի բուսածածկույթի նվազեցումը, որն էլ իր հերթին պատճառ է դարձել ալբեդոն կոչվող երևույթին: Դա նշանակում է, որ տվյալ տեղանքում մեծացել է մակերևույթից արեգակնային լույսի անդրադարձումը, դրանից պակասել է անձրևների քանակը, և  կսվել ու արագացել է հողի անապատացումը:
 
Այն, որ տարիներով ոչխարների համար որպես արոտավայրեր ծառայող հանդամասերը արագորեն որակազրկվում են, գիտեն նույնիսկ ոչ մասնագետները, ու նաև այդ է պատճառը, որ Հայաստանի նման սակավահող երկրում ոչխարաբուծությանը առանձնապես զարկ չեն տալիս, փորձում են նման մտադրություններն էլ կանխել: Այնպես որ սրանից դատելով՝ մարդու գործունեությունն իրոք կարող էր հսկայական ծաղկուն այգեստաններ անմարդ ու անբնակ անապատի վերածել: Սա դեռ մարդկության գործունեության արշալույսին: Էլ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին, երբ անասնապահությունն ընդամենը անմեղ զբաղմունք էր հանուն հանապազօրյա հացի: Մեր օրերում մնում է զարմանալ, որ Երկիր մոլորակի վրա ծաղկուն այգեստաններ դեռևս կան: