Թրամփն իր նախընտրական խոստումների մեծ մասը «կուլ է տվել»

ԱՍԱԴԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԹՐԱՄՓԻՆ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ասել է, թե «Իսլամական պետության» գրոհայինները նահանջում են, իսկ նրանց տրամադրության տակ գտնվող տարածքները՝ նվազում, որն էլ  զգալիորեն բարելավել է երկրում տիրող իրավիճակը: Նրա գնահատմամբ՝ ռազմական տեսանկյունից դաշտային իրավիճակը հիմա նախկինից  լավ է:

Նա նաև նշել է, թե Սիրիայի դրությունը միայն ռազմական գործողություններից չէ, որ կախում ունի, այլ նաև տարբեր գործոններց, ինչպես օրինակ ահաբեկիչների տարածած գաղափարախոսությունից ու  քարոզչությունից: Ամենակարևորը՝ նախագահ Ասադը ասել է, որ  վատթարագույնն արդեն անցյալում է:

Միայն թե այս անկանխատեսելի աշխարհում ոչ մի գործընթացի տրամաբանության վրա հույս դնել հնարավոր չէ:

Ամենաանկանխատեսելին էլ, թերևս, իրեն աշխարհի տերը երևակայող ԱՄՆ պետության այսօրվա նախագահն է: Դոնալդ Թրամփի մասին էլ Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ նրա վարած քաղաքականությունն իր նախընտրական խոստումներից խիստ տարբերվում է: 

- Թրամփն իր նախընտրական խոստումների մեծ մասը «կուլ է տվել»,-հնդկական «Wion TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում  ասել է Ասադը:

Հարցին, թե Թրամփի հետ գործ ունենալը հնարավո՞ր է, նա նշել է, որ համաձայնության գալ կարելի է, սակայն դժվար թե նա ինչ-որ բանի վրա աղդեցություն ունենա:   

- Թրամփի ընտրությունը մեզ համար ևս մեկ ապացույց է, որ նախագահը սոսկ իրեն հատկացված դերի կատարողն է և ինքնուրույն որոշումներ չի կայացնում:

Ու հիմա թերևս Սիրիայի, նրա հետ էլ` աշխարհի բախտը կախված է նրանից, թե նախընտրական խոստումներով իր ճաշասեղանը զարդարող «աշխարհի տիրակալը» կկարողանա՞ ստամոքսի փոխարեն մի քիչ էլ սրտով դատել ու աշխարհակործան գործընթացների դեմն առնել: Կամ կգտնվի՞ մի ուժ, որը նրան դա պարտադրի: