Պուտինը՝ ցայտնոտային ու զավեշտալի վիճակում

ՍՈՎԵՏԻ ԱԽՏԱՆԻՇԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

 
Ռուսաստանի վիճակն իրոք նախանձելի չէ: Սիրիայի հարցում չի հաջողում ձեռք բերել մյուս խաղացողների համաձայնությունը, մյուս կողմից էլ, նաև քարոզչության միջոցով, բռնապետի անուն է  ձեռքբերել:  Հավանաբար, այս իրավիճակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել՝ ասելու, թե Գերմանիան զիջել է իր ինքնիշխանության մի մասը՝ տարբեր բլոկների մեջ մտնելով: 
Պուտինը, սակայն, չի մանրամասնել, թե  կոնկրետ ո՞ւմ է զիջել Բեռլինն իր ինքիշխանությունը, ում ինչքան է զիջել, զիջել  է ի՞ր կամքով, թե՞ հանգամանքների բերումով: Բայց առանց այդ էլ  պարզ է, որ Պուտինը նկատի ունի ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն, որոնց հետ արդեն մի քանի դար է՝ մրցակցում է Կրեմլը:
 
Պուտինը, սակայն, մոռանում է, որ եթե Գերմանիայի նման ժողովրդավար պետությունն իր կամքով է «զիջել» ինքնիշխանությունը: Մինչդեռ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցած պետություններին Մոսկվան  կարելի է ասել ուժով, շանտաժներով  է ներառել իր նախաձեռնած կառույցներ: Հիշենք 2013-ին Հայաստանի՝ մի գիշերում ԵՏՄ-ին անդամակցելը, երբ 3 տարի բանակցում էինք ԵՄ-ի հետ:   Կարծում ենք, որ Մոսկվան անգամ կերազեր, որ Բեռլինի նման պետությունը ԵՏՄ կամ ՀԱՊԿ անդամ լիներ: Կառույցներ, որոնց կարծես Ռուսաստանում էլ լուրջ չեն վերաբերվում: Ինչպե՞ս են   լուսաբանում ԵՏՄ ու ՀԱՊԿ նիստերը, եթե դրան զուգահեռ տեղի են ունենում ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի նիստերը. Ինչպես ասում են՝ «ձեռքիհետ, ոտքի վրա»:
 
Եվ պատահական չէ այս  վերաբերմունքը: Մոսկվայում էլ գիտեն, որ  ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում թելադրողը հիմնականում Ռուսաստանն է՝ ինչպես  ԽՍՀՄ տարիներին: Պարզապես եթե խորհրդային ժամանակներում Մոսկվան, թելադրելուց բացի, նաև հոգում էր ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների տնտեսական, մշակութային, գիտական  զարգացման մասին, ապա պուտինյան ՌԴ-ն այսօր միայն թելադրում է ու եթե պետք լինի բռնի սանկցիաներով ստանում իր ուզածը: 
 
Սակայն Հայաստանում Ապրիլյան պատերազմից հետո  Ռուսաստանը տեսավ բռնության պտուղները: Հակառուսական դժգոհությունները, բարձրաձայնվող հիասթափությունն ու արդարացի մեղադրանքերը սկզբում, հաստատ, զայրացել էին Կրեմլին: Բայց հետո Ռուսաստանը կարծես հասկացավ՝  սա այն Հայաստանը չէ, որից կարելի է հօգուտ Ադրբեջանի զիջումներ կորզել:  
 
ԵՏՄ անդամ մյուս երկրների պոռթկման էլ երբեմն կարելի է ականատես լինել: Օրինակ, Բելառուսի նախագահի տրտունջներն ու  հակադրվելը  Պուտինին: Ու հասկանալով, որ աշխարհը տիրելու իր մղումներն անգամ  հետխորհրդային երկրների  շրջանում չեն հաջողում, դրսում ևս ձախողվում է, Վլադիմիր Վլադիմիրովիչի մտահոգություններն ավելի խորքային են դառնում: Փաստորեն նա անհարմար իրավիճակում է դրել իրեն ու իր պետությանը՝ իր իսկ երկրում հեղինակազրկվելու վտանգի առջև հայտնվելով: