Ո՞ւր կտանի Քաթարի հետ անհաշտությունը

Քաթարի շուրջ ծավալվող իրադարձությունները տագնապալի բազմաթիվ կանխատեսումների տեղիք են տալիս: Դրա հետևանքով հերթական անգամ անկում են ապրել նավթի գները: Ոմանք դա համարում են մեծ պատերազմի սկիզբ:
 
Մասնավորապես այդ մասին արտահայտվել է Սայմոն Հենդերսոնը՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի և մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ էներգետիկայի հարցերով տնօրենը:
 
«Foreign Policy»-ում նա գրել է, թե սուննի երկրները վաղուց են ձգտում շիաական Իրանի դեմ պատերազմ սկսել, և սա պարզապես մի առիթ է, որից նրանք որոշել են օգտվել: Հենդերսոնը պատմական այս պահը համեմատել է 2014թ. Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ, որն առիթ էր դարձել Առաջին համաշխարհային պատերզմը սկսելու համար:   
 
Հոդվածի հեղինակը նշել է, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները նպատակ են հայտարարել ոչ թե Իրանը, այլ Քաթարը, որը վաղուց մի կողմ էր քաշվել Թեհրանի նկատմամբ Ծոցի արաբական երկրների ընդհանուր համաձայնությունից: Ընդ որում, Թեհրանը ստեղծված իրավիճակում արդեն իսկ իր օգնությունն է առաջարկել  Քաթարին, իսկ դա արաբական երկրների աչքին կարող է ուխտադրուժ կապերի հաստատում լինել:    
 
Սայմոն Հենդերսոնը պայթյունավտանգ այս իրավիճակի հանգուցալուծման գործում կարևոր դեր է վերագրել ԱՄՆ-ին: 
 
- Հարկավոր է, որ Վաշինգտոնն արագ գործի և շտապ դադարեցնի դեպի պատերազմ տանող այս ընթացքը, այլ ոչ թե սպասի, մինչև սպանդը սկսվի,-զգուշացրել է նա:
 
Ամեն անգամ, երբ մոլորակի վրա համաշխարհային պատերազմ ծագելու վտանգ է եղել, ԱՄՆ-ն իր կիսագնդի հեռվից հետևել է, իր ուզածով միջամտել ու շահաբաժիններ քաղել՝ վստահ լինելով, որ պատերազմի բոցերում ուրիշ պետություններ են այրվելու: Այս անգամ էլ է հեռավորությունը նույնը, սակայն եթե ամեն ինչ այդքան անվտանգ լիներ, ԱՄՆ նախագահը չէր հրահանգի վտանգավոր համարվող երկրների քաղաքացիների առջև իր պետության դռները փակել: 
 
Իհարկե՝ Ամերիկայի նման հզոր ու ազդեցիկ երկրի համար պատերազմը կանխելը գուցե անհնար չէ, սակայն ձեռնտո՞ւ է արդյոք: Ինչ մնում է Հենդերսոնի նշած սպանդի առաջն առնելուն, ապա ոչնչից չի երևում, թե ԱՄՆ-ը նվազագույն ցանկություն ունի աշխարհի տարբեր անկյուններուն արդեն իսկ իրականացվող սպանդը դադարեցնել: Գեղեցիկ խոսքերը գործի հետ կապ չունեն: