Ո՞վ ավելի լավ կհասկանա Քաբուլի մտահոգությունը, եթե ոչ մենք

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Է ՈՒԶՈՒՄ

Նույնիսկ պատերազմական իրավիճակում գտնվող առանձին երկրի խնդիրները կարող են միջազգային համաժողովի առարկա դառնալ: Եթե աշխարհի բոլոր թեժ կետերի վարչական կենտրոններում փորձեն պատերազմի ու խաղաղության հարցերը քննել հօգուտ վերջինի, գուցե թե խաղաղությունը քիչ առ քիչ կարևորովի ու հաստատվի: Ո՞վ ավելի լավ կհասկանա Քաբուլի մտահոգությունը, եթե ոչ մենք:
 
Ո՞ր երկիրն ավելի լավ կիմանա խաղաղության գինը, եթե ոչ Աֆղանստանը: Արդեն քանի տասնամյակ է՝ այնտեղից աշխարհին միայն պատերազմի ու ողբերգական իրադարձությունների լուրեր են հասնում: Ընդամենը մեկ շաբաթ է անցել իսլամիստների իրականացրած ահաբեկչությունից, որին զոհ է գնացել ավելի քան 150 մարդ: Ահաև Աֆղանստանի կառավարությունը նախաձեռնել է խաղաղության համաժողով, որն անց է կացվում մայրաքաղաք Քաբուլում: 
 
Երեկ մեկնարկած համաժողովը, որը կրում է «Քաբուլի գործընթաց» խորագիրը, այդ քաղաքում է հավաքել տարբեր երկրների ու կազմակերպությունների 20-ի չափ ներկայացուցիչներ: Մասնակիցներ կան Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից, Պակիստանից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից, անգամ ՆԱՏՕ-ից (տեղեկացրել է Press TV-ն): Աֆղանստանի իշխանության ներկայացուցիչները նշել են, որ համաժողովը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վրա և անվտանգությունը վերականգնելու համար աջակցություն ստանալ: