Ո՞վ է ցանկանում պատժել Իրանին

Իրանում երեկ իրականացված ահաբեկչությունն այսպես ասած՝ շաբլոնից դուրս էր: Ահաբեկիչները հատուկ թիրախավորել էին Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշները: Խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանում նրանց գործողություններից 16 մարդ է զոհվել, բազմաթիվ վիրավորներ են եղել: Ընդ որում, հատկանշականն այն է, որ խորհրդարանի աշխատանքը ոչ մի րոպե չի ընդհատվել, իրանցի պատգամավորները շարունակել են իրենց գործը ՝ սպառնալիքը հաշվի չառնելով:

Մինչ բոլորը փնտրում էին ահաբեկիչների հետքը, «Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն է տարածել՝ խոստանալով առաջիկայում նույնպես Իրանում ահաբեկություններ իրականացնել`

- Շիաների արյունը թափելու համար խալիֆայությունը ոչ մի հնարավորություն բաց չի թողնի:

Նաև խոստանում են այնքան ժամանակ Իրանում ահաբեկությունների շարք իրականացնել, քանի դեռ այնտեղ «շարիաթի օրենքները» չեն գործում:

Թե «շարիաթի օրենքներն» ինչով են բթացնում որոշ անհատների միտքն ու զգացմունքները, որ սեփական տանջամահության գնով իրենց հետ այն աշխարհ են տանում տասնյակ, երբեմն հարյուրավոր անմեղ մարդկանց` առողջ բանականությունը չի ընկալի: Մի՞թե հանդերձյալ կյանքի շքեղ խոստումներն են այդպես բթացնում մարդուն: Գուցե թմրանյութերն ու հիպնո՞սը: Իսկ գուցե շատ ավելի շոշափելի պատճառներ կան. Օրինակ, հնարավոր է՝ կշեռքի մյուս նժարին մահապարտի բազմաթիվ մերձավոր ազգականների կյանքն է…

Սրանք, թերևս, հոգեբանների, կրոնագետների, քաղաքագետների քննելու հարցեր են, պարզ դատողություններով դրանցից գլուխ չես հանի: Ինչ վերաբերում է իրանյան ահաբեկության հեղինակներին, ապա սրա վերաբերյալ դեռևս հստակ եզրակացություն չկա: Իրանում, օրինակ, ավելի շատ հակված են մտածել, որ դա Սաուդյան Արաբիայի ձեռքի գործն է:  Բացառված չի համարվում նաև, որ այս ամենը ձեռնտու է մի երրորդ կողմի, որը ցանկանում է տարածաշրջանում տիրող տագնապալի իրավիճակն ավելի սրել: Իսկ «Իսլամական պետությունը» կարող էր նաև դրանցից մեկի ձեռքին պարզապես հարմար գործիք լինել: Կամ էլ, թերևս, որոշել է ուրիշի «փառքի» դափնիներով իր համբավը «զարդարել»:

Իրանի հետ Շատ քաղաքագետների կարծիքով` Իրանի հետ այնքան էլ հեշտ չէ խաղեր խաղալ: Նա նաև վճռականորեն հարվածել գիտի: Տեսնենք՝ իսլամիստների «խոստումներին» ի՞նչ պատասխան կտա մեր հարևանը: