Ամեն ինչի ժամանակը մի օր գալիս է

ՄԻԱՅՆ ԳՈՐԳԵՐԸ ՉԷ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆԵԼ ԵՆ

Թուրքիայում մինչև օրս հարստանալու ավելի լավ միջոց չկա, քան հայերի երբեմնի ունեցվածքը յուրացնելը: Պետությունը, որի ոչ մի թիզ հողը նրան անուն տված ազգին չի պատկանում, մնացած բոլոր հարցերում նույնպես գոյատևում է ավարի ու թալանի հաշվին:
Գորգերը կիրառական արվեստի հիանալի նմուշներ են, դրանք երևի մարդու կենցաղից երբեք չեն վերանա: Իսկ հայկական գորգերը, այն էլ ավելի քան հարյուրամայա հնության, պարզվում է, Թուրքիայում «իրենց քաշով մեկ ոսկի» արժեն: 

110 տարվա հնության հայկական գորգը որպես հազվագյուտ իր այս օրերին Թուրքիայում վաճառքի է հանվել 50 հազ. դոլարով:  Այդ մասին հայտարարություն է տարածվել անշարժ գույքի վաճառքով զբաղվով թուրքական ամենախոշոր կայքում: Գորգի մասին մանրամասներ այնտեղ չեն հրապարակվել, միայն հայտնի է, որ այժմ այն Թուրքիայի արևմտյան Իզմիթ նահանգում է: Մի քանի շաբաթ առաջ էլ նույն կայքում վաճառքի է հանվել 160 տարվա հայկական գորգ՝ 14 հազ. դոլար արժեքով: Փաստորեն «կենացները քաղցրանում են»՝ թուրքերը հայկական գորգերը գնալով ավելի բարձր են գնահատում:

Հետաքրքիրն այն է, որ առաջներում թուրքերը հայկական գորգերն ուղղակի հայտարարում էին իրենցը և դրանով փորձում աշխարհի աչքը մտնել: Աշխարհի շատ թանգարաններում են այսօր հայ կանանց ճարտար ձեռքով նախշազարդած գորգերը թուրքականի պիտակով ներկայանում այցելուին: Նույնիսկ դրանց վրայի հայատառ գրությունները թանգարանների պատասխանատուներին չեն համոզել, որ այնտեղ թուրքական ոչինչ չկա, ուր մնաց գործվածքի տեսակը կամ նախշազարդերի առանձնահատկությունները մի բան ասեին: Իսկ հիմա, ուրեմն, ապրանքը թանկ ծախելու համար դեմ չեն անգամ ճշմարտությունն ասելուն: Կարևորը՝ փողը շատ լինի… Ու բացառված չէ, որ այդ նույն գորգը մի օր էլ որևէ թանգարանում հայտնվի՝ արդեն թուրքականի պիտակով: 

Այս գորգերի վերաբերյալ տվյալներ տարածվել են: Իսկ որքա՞ն հայկական այլ արժեքներ են գաղտնի առուծախի առարկա դառնում: Որքան էլ ծով են մեր մշակույթն ու ստեղծագործական ձիրքերը, այս և այս կարգի անխնա թալանը ի վերջո մեր գանձարանն է դատարկում: Մինչդեռ այսօրվա բարոյազուրկ աշխարհում մամոնայի պաշտամունքը ոչ մի ազնիվ բանի համար տեղ չի թողնում:

Միայն գորգը չէ. Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմակայանն անգամ հայերին պատկանող հողի վրա է կառուցվել: Ռազմակայանի շուրջն այս օրերին ծավալված իրադարձությունները մեկնաբանելիս` ոմանք սա էլ են հիշեցնում: Ինչպես ասում են՝ ոչինչ չի մոռացվում, յուրաքանչյուր բան սպասում է իր ժամանակին…